«Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումների համատեքստում, երբ բալիստիկ հրթիռներն ամենաուղիղ իմաստով թռնում են մեր գլխավերեւով, երբ միջուկային պատերազմն ավելի քան հավանականական է, իսկ Հայաստանի անվտանգությունը՝ զրոյական, ՀՀ իշխանությունները ներքին պատերազմ են հայտարարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Այո, սեփական ժողովրդին, որովհետեւ Եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց՝ եթե ԱԺ դահլիճում կա մեկը, ով սա չի գիտակցում, շատ վատ է, բայց ողբերգականն էլ հենց այն է, որ մեր հավաքական ինքնությանն ու խորքային հիմքերին հասցվող հարվածները ծրագրային են եւ թիրախավորված։
Գալստյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը լավագույնս արտացոլված է Սահմանադրության 18-րդ հոդվածում․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Առանձին 17 հոդվածով ամրագրված է նաեւ եկեղեցու եւ պետության տարանջատվածությունը։ «Եվ, այնուամենայնիվ, մեր աչքի առաջ Եկեղեցին հայտնվել է հերետիկոսական հարձակման թիրախում, հատկապես այն շրջանում, երբ երկիրը թաղված է սոցիալական, տնտեսական եւ բարոյական խորը ճգնաժամի մեջ, երբ համատարած խայտառակ ձախողումներ են, տարածքային զիջումներ եւ նոր պատերազմի սպառնալիք։ Միամտություն կլինի ենթադրել, թե կատարվողը հերթական անհավասարակշիռ պոռթկումն է, ոչ նորմատիվ վարք կամ երկրի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ֆիասկոից ուշադրություն շեղելու քայլ։ Փաստերի պարզ համադրումից ակնհայտ է դառնում, թե Եկեղեցու նկատմամբ արշավը որքան համաքայլ է թշնամական երկրի հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությանը, Էջմիածնի պատմական ակունքները կասկածի տակ դնող անբարո հայտարարություններին եւ Հայաստանի պարտված իշխանություններին ամենօրյա ռեժիմով պահանջներ պարտադրելուն»,- հավելեց նա։
Գալստյանի խոսքով՝ այսպես կոչված հետհեղափոխական էյֆորեան եւ սպասումները զրոյացել են, Փաշինյանի եւ թիմի խոստումներն ու հայտարարությունները սուտ էին եւ պոպուլիստական։ Իսկ քաղաքական մեծամասնության ակտիվում կառավարման 7 տարիների աղետալի հետագիծն է՝ ցեղասպանության ենթարկված Արցախով եւ անհաղթահարելի անվտանգային մարտահրավերներով։
«Դուք նաեւ գիտեք, որ համատարած կոլապսի, խորացող հուսահատության, ներազգային պառակտվածության եւ հեղինակությունների կորստի ֆոնին Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է լինել ամենաբարձր վստահություն ունեցող ազգային ինստիտուտը։ Հենց այս, նաեւ Բաքվին տված խոստումների եւ հավատարմության համատեքստում էլ տեղավորվում է Հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը։ Եթե Բաքվի պահանջով կարելի է Սահմանադրություն փոխել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել Եկեղեցու հանդեպ: Ազգային արժանապատվության յուրաքանչյուր դրսեւորում ձեր ու Ադրբեջանի համար սպառնալիք է: Դուք նաեւ հոգեպես եք կապիտուլացված։
Երեկ վոլյունտարիզմի ու անհավասարակշիռ հրահանգների հարթակը Սամվել Կարապետյանի բակ էր տեղափոխվել, իսկ հայհոյանքների հրավառությունը Փաշինյանի ֆեյսբուքյան էջ։ Եվ ողջ քաղաքական թիմում, նաեւ իրավապահ մարմիններում՝ ԱԱԾ, Դատախազություն եւ այլն, չկա մեկը, ով կսաստի այս հակասահմանադրական եւ հակապետական ընթացքը, գիտակցի, թե ինչ կարմիր գծեր են հատվում եւ պառակտումի այս հերթական քայլը ինչ աղետաբեր է մանավանդ այս օրերին: Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ չհասկանալու, որ հերթական պառակտման եւ ստեղծված մի մթնոլորտի միակ շահառուն Ադրբեջանն է»,- նշեց պատգամավորը։
Լիլիթ Գալստյանը դիմեց դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, արյան, ատելության եւ վախի շրջապտույտը չի կարող չավարտվել, ինչպես ամեն մի ռեժիմ։ Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ