Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և աշխարհասփյուռ հայոց քրիստոնեության միասնականության դեմ։
Հայաստանի Հանրապետության անվտանգային և տարածաշրջանային այս տագնապալի շրջանում նման պառակտիչ ու կործանիչ արշավ նախաձեռնելը թուլության և կարճատեսության նշան է։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ներքին կանոնադրական հարցերը արծարծվում ու լուծվում են միայն եկեղեցական համապատասխան մարմիններում:
Ցաւալի է, որ Հայաստանը նման քայլերով սրընթաց հեռանում է Եվրոպական Միության ժողովրդավարական սկզբունքներից՝ հիմնված պետության ու եկեղեցու տարանջատման վրա և դրանով վնասում իր իսկ որդեգրած դեռևս փխրուն ու դեռահաս ժողովրդավարության զարգացմանը։
Կարդացեք նաև
Հայոց Եկեղեցու ինստիտուցիոնալ կարգավիճակը անձնավորելու, աշխարհիկ իշխանությունների կողմից Եկեղեցուն բարոյական դասեր տալու անհարիր ու անհեթեթ փորձերի փոխարեն կառավարությունը պետք է իր բոլոր ուժերը կենտրոնացնի արտաքին քաղաքական վտանգներն ու աղետները փարատելու և երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու վրա։
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ և իր զորակցությունն է հայտնում Ս. Մայր Աթոռին` կոչ անելով Հայաստանի Հարապետության իշխանություններին ձեռնպահ մնալ հայ հասարակության բևեռացումը խորացնող յուրաքանչյուր անզգույշ ու անխոհեմ քայլից:
Ֆրանկֆուրտ, 18 հունիսի 2025
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

















































