Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս էն դեպքն է, որ խառնվում ենք․ ՀԷՑ-ի աշխատողներին ասում եմ՝ պատժվելու եք»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 18,2025 18:02

«Այժմ դատարանում, երբ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, մինի ցույց է տեղի ունենում և դրա՝ բազմամարդ տեսարժան կադրեր ստանալու համար ՀԷՑ-ից մարդկանց ստիպողաբար տանում են դատարանի մոտ։ 2018-ից հավաքների ազատության մասնակցությունն ապահոված կառավարությունն ինչպե՞ս կարող է օգնել և այս ստրկատիրական ռեժիմից ազատել մեր քաղաքացիներին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուզում եմ արձանագրել՝ եթե այդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն իրավապահները դրանով կզբաղվեն»,։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հիմա կֆիքսենք ՀԷՑ-ի այն աշխատողներին, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում․ «Հետո չասեն՝ վայ, բա գիտե՞ք․ բոլորն ազատվելու են աշխատանքից։ Ոչ մեկին ներում չի լինելու։ Այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկ աշխատանքից չի ազատվի, բավականին լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար։ Ովքեր իրավապահների հետ կհամագործակցեն, կխրախուսվեն։ Նրանք, որոնք կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա։ Պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Նրանք, որոնք ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, հետո վստահ չեմ՝ «Տաշիր պիցցայում» կարո՞ղ են աշխատել, թե՝ ոչ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Որևէ հրահանգ կամ ուղղորդում, անգամ խնդրանք չի եղել ՀԷՑ աշխատակիցներին, որ գան որևէ ակցիայի կամ դատարան։ Եթե անգամ այստեղ աշխատակիցներ լինեն, նրանք իրենց կամքով են եկել, քանի որ Սամվել Կարապետյանն այնքան լավ մարդ ու բարերար է, որ բոլորն էլ կցանկանան իր կողքին կանգնել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՀԷՑ-ը հրահանգում է աշխատակիցներին ի պաշտպանություն Կարապետյանի մասնակցել հավաքի։

Ավելի վաղ այս թեմայով ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը.

«Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։ Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել էր նախարարը։

Ղազինյանը, սակայն, հակադարձում է Խուդաթյանին.

«Նախարար է, թող ապացուցի, գոնե մեկ դեպք մատնանշի, որ մեր կողմից ուղղորդում է եղել։ Մենք ներկա-բացակա չենք անում, որ տեսնենք՝ ով է աշխատանքի, ով՝ ոչ։ Ես էլ եմ հիմա դատարանի դիմաց, բայց չեմ կարող հստակ ասել՝ հիմա ՀԷՑ աշխատակիցներից դատարանի բակում մարդ կա՞, թե ոչ։ Էլի եմ ասում՝ եթե անգամ կան, ապա դա միայն ու միայն իրենց կամքն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30