Լրահոս
Օրվա լրահոսը

Պարադոքսի տոնն Ադրբեջանում․ Մարդու իրավունքների ազգային օր

Հունիս 18,2025 20:10

Դեռևս 1998 թվականի հունիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն առաջին անգամ հաստատել էր «Մարդու իրավունքների պաշտպանության պետական ծրագիրը»։ 2007 թվականից ի վեր հունիսի 18-ը, նախագահի հրամանագրով, Ադրբեջանում նշվում է որպես Մարդու իրավունքների ազգային օր։

Մի քանի տասնամյակ տևող Մարդու իրավունքների ոտնահարումների ֆոնին՝ այսօր՝ օրվա տրամաբանության շրջանակներում, Բաքվում անցկացվել է օմբուդսմենների միջազգային սիմպոզիում՝ «Իրավունքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով։ Սիմպոզիումի շրջանակներում տեղացի և արտասահմանցի փորձագետների, օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել են «Սահմանադրական իրավունքների ապահովումը օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների միջոցով», «Հավասար իրավունքների ապահովում բոլորի համար՝ դրական փորձառություններ և մարտահրավերներ» և «Փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության և դրական փորձի ամրապնդում» թեմաներով պանելային քննարկումներ։

Նման միջոցառման անցկացումը Բաքվում զավեշտալի է։ Նախ՝ իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «մարդու իրավունքների իրացման» փաթեթավորմամբ կրկին Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։ Դրանով փաստացի թիրախավորել է տարածաշրջանի պատմական անցյալի օբյեկտիվ ճշմարտությունները՝ սպառնալիք հնչեցնելով Հայաստանի նկատմամբ։

Մյուս կողմից՝ արդեն տասնամյակներ է, ինչ Ադրբեջանն անշեղորեն «պահպանում է» իր առաջատար դիրքերը մարդու իրավունքների և ազատությունների խախտման ոլորտում, ինչը հստակ արձանագրված է միջազգայնորեն։

Այսպես՝ Human Rights Wathch, Amenesty International և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպություններ, ինչպես նաև՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, քանիցս իրենց զեկույցներում մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և, առհասարակ, իրավականության վերաբերյալ։ 2025 թվականի դրությամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանում քաղաքական իրավունքի ազատությունը գնահատել է 0՝ հավանական 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունները 7՝ հնարավոր 60-ից, համացանցի ազատությունը՝ 34՝ 100 հնարավորից։ Ընդհանուր ազատության ինդեքսն Ադրբեջանի պարագայում կազմում է 7՝ հնարավոր 100-ից՝ վստահորեն Ադրբեջանը դասելով «Ոչ ազատ» երկրների կատեգորիային։

Reporters without borders միջազգային կազմակերպության մամուլի ազատության ցանկում Ադրբեջանը 180 պետությունների մեջ զբաղեցնում է 167-րդ հորիզոնականը՝ զիջելով այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Աֆղանստանն ու Հյուսիսային Կորեան։

Նման «փայլուն» ցուցանիշներից հետո Ադրբեջանում մարդու իրավունքներին նվիրված միջոցառման անցկացումը հստակ շեղում է մարդկային տրամաբանության գործարկման հնարավոր բոլոր միջոցներից։ Ադրբեջանում կարծես թե մոռացել են ազգային փոքրամասնությունների ճնշումների, գենդերային անհավասարության (մասնավորապես՝ կանանց հանդեպ բռնությունների), ազատ մամուլի իսպառ բացակայության, իրական ընդդիմության բացակայության, քաղբանտարկյալների և մարդու բնական իրավունքների տարրական հարգման մասին, ինչը ժառանգական ավտորիտարիզմի հետևանք է։

Իրավախախտումների մեկ այլ հսկայական փաթեթ է Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը՝ պատերազմական հանցանքներից սկսած մինչև վերջիններիս ոտնահարված իրավունքների ճանաչման ժխտում։ Արդյո՞ք սիմպոզիումի ժամանակ խոսվել է այն մասին, թե ինչպե՞ս է Ադրբեջանը 9 ամիս շարունակ շրջափակման ենթարկել 120 հազար հայերի՝ վերջիններիս կյանքի իրավունքը դնելով ամենաուղիղ սպառնալիքի տակ, արդյո՞ք ներկայացվել է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունն ամիսներ շարունակ զրկված է եղել կենսաապահովման նվազագույն պայմաններից, կրթության իրավունքի լիարժեք իրացման, առողջապահական հասանելիության հնարավորությունից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ «արտասահմանցի փորձագետներին, օմբուդսմեններին և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին» Բաքու հրավիրելիս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդյո՞ք հարկ է համարել վերջիններիս տեղեկացնել, որ իր գործառույթները կրում են միայն հռչակագրային բնույթ, և որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն Ադրբեջանում մատնված է հարկադիր պարապուրդի՝ սպասարկելով ալիևյան ռեժիմին՝ ի շահ ավտորիտարիզմի հարատևման։

Նման միջոցառումների անցկացումն էժանագին փորձեր են Ադրբեջանի կողմից՝ քողարկելու այն արատավոր բարքերը, որոնց մեջ ապրում և դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30