ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ճանաչված գործարար ու մեծ բարերար Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարությանը եւ դրան հետեւած հետապնդումներին՝ ասաց. «Ինչի՞ արդյունքում դա տեղի ունեցավ: Սովորական մի միտք, որը ցանկացած հայ մարդ պետք է ասի այս իրավիճակում, երբ ամենաայլանդակ հարձակում է տեղի ունենում մեր ամենակարեւոր ինստիտուտի նկատմամբ՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նկատմամբ:
1700 տարի այս ինստիտուտը ուղեկցել է հայ ժողովրդին, ձեւավորել է հայ ժողովրդին, այս ինստիտուտը իշխանության բացակայության պայմաններում ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում իրականացրել է պետական կառավարման մեծ մասը: Եվ այսօր թուրք-ադրբեջանական գործակալների այս իշխանությունը, որ եկել եւ զավթել է մեզ մոտ, հերթական արշավն է սկսել եկեղեցու նկատմամբ:
Կարծեմ, ցանկացած հայ մարդ պետք է այն խոսքերն ասի, որ ասել է Սամվել Կարապետյանը: Իսկ նա ասել է, որ եթե ընդդիմությունը չկարողանա այդ խնդիրը, այդ արշավը կասեցնել, ապա ինքը որպես ժողովրդի մի մասնիկ կփորձի իր ուժերի սահմաններում կասեցնել այս արշավը: Եվ ես կարծում եմ, որ սա ոչ թե դատապարտելի, այլ ողջունելի միտք է, որ արտահայտել է Սամվել Կարապետյանը:
Չափազանց կարեւոր է անդրադառնալ այն մտքին, թե ով է Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը հզոր գործարար է եւ ի տարբերություն ուրիշ շատ գործարարների, իր շահույթի մեծ մասը ներդրել է Հայաստանում՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի, մեծ ներդրումներ է կատարել եւ Հայաստանում եւ Արցախում: Եվ այսօր, փաստորեն, այդ արտահայտությունը որակվում է որպես Հայաստանում իշխանության բռնազավթման կոչ: Դա ուղղակի բացարձակ անտրամաբանական է, չնայած, այս իշխանության համար տրամաբանական խոսքը դժվար է կիրառել որեւէ դրսեւորման դեպքում:
Կարդացեք նաև
Ես ենթադրում եմ, որ սա բնական է, որովհետեւ այս իշխանությունները այնպիսի մեծ սխալներ են թույլ տվել հայ ժողովրդի նկատմամբ, թեեւ կարծում եմ, որ այդ «սխալները» իրենց համար լավ պլանավորված քայլերի հաջորդականություն են եղել, որ իրենք հասկանում են, որ իրենց վերջը մոտեցել է:
Եվ այդպիսի ցանկացած շատ բնական վերաբերմունք մեր Ազգային Եկեղեցու նկատմամբ, իրենց հոգեխանգարման դրսեւորումների է բերում: Սա մի կողմից շատ դատապարտելի է եւ խոսում է մի բանի մասին. այս իշխանությունը հասկանում է, որ իր վերջը մոտեցել է: Սիրելի ժողովուրդ, հատկապես այն հատվածի, որ դեռ մնացել է թմբիրի տակ, հեռու պահեք ձեզ այս չարիքի իշխանությունից, որովհետեւ սրանք կարող են ձեզ եւս տանել այն ճանապարհով, որով իրենք գնալու են բնական ճանապարհով»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ