Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ վայ պատմաբանը դառնում է վայ կանոնագետ

Հունիս 18,2025 23:55

Ժողովրդական իմաստնությունն ասում է․ «Հացը հացթուխին տուր, մի հաց էլ՝ ավել տուր»։ Ցավալիորեն, մեր օրերում այս խրատը հաճախ ոչ միայն մոռացվում է, այլև հեգնաբար շրջանցվում։

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի 2025 թ․ հունիսի 18-ի հարցուպատասխանի ընթացքում հանդես եկավ մի շարք աղավաղված ու փաստացի սխալ պնդումներով՝ փորձելով ստանձնել պատմաբանի, կանոնագետի ու եկեղեցական իրավունքի մասնագետի դերերը միաժամանակ։ Սակայն որքան ցածր է գիտականության ստույգ բարձրունքը, այնքան բարձր է լինում անգրագիտության աղմուկը։

ա. Աշտիշատի ժողովի տարեթվի աղավաղումը

___

Փաշինյանը հայտարարում է, թե Աշտիշատի ժողովը տեղի է ունեցել 356 թ․։ Սա ոչ միայն փաստացի սխալ է, այլև անհարգալից վերաբերմունք պատմական ճշգրտության նկատմամբ։ Հայ պատմագրությունը վաղուց ու միանշանակորեն հաստատել է՝ Աշտիշատի ժողովը տեղի է ունեցել 354 թ․։ Այս թվականը հաստատված է հայ դասական պատմաբանների և եկեղեցական հեղինակների կողմից։ Այսպիսի անուշադրությունը ցույց է տալիս պատմական կրթության ոչ բավարար մակարդակ և տեղեկատվության թերի ընկալում։

բ. Կուսակրոնության վերաբերյալ հորինված պնդում

___

Վարչապետի հաջորդ պնդումն այն է, թե իբր Աշտիշատի ժողովը սահմանել է կուսակրոնության կարգ Հայ Եկեղեցու համար։ Սակայն սա ևս բացարձակապես անհիմն է։ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու երկրների միջոցով Աշտիշատի ժողովի վերաբերյալ մեզ հասած տեղեկություններն ընդհանրացված բնույթ ունեն և չեն պարունակում որևէ ուղղակի վկայություն կանոնների կամ կոնկրետ կարգավորումների մասին։ Այսինքն, որպես այդպիսին, դասական իմաստով Աշտիշատի ժողովին վերագրվող որևէ կանոնախումբ գոյություն չունի ո՛չ «Կանոնագիրք Հայոց»-ում և ո՛չ էլ որևէ պատմիչի երկում։ Ավելին՝ Աշտիշատի ժողովը նախագահող Սուրբ Ներսես Մեծ Կաթողիկոսը եղել է ամուսնացած և ունեցել է զավակ։ Այս հանգամանքը, միանշանակ կերպով հերքում է այն թեզը, թե իբր նրա գլխավորությամբ կարելի էր սահմանել կուսակրոնության պարտադիր կանոն։

Պարզ է, որ նման հայտարարություններն այլ բան չեն, քան աղմկահարույց, բայց անիմաստ մանիպուլյացիաներ, որոնք չունեն պատմական կամ աստվածաբանական հենք։

գ. Անկյուրիայի ժողովի 20-րդ կանոնի աղավաղված մեկնաբանությունը

_____

Բավական չէ Աշտիշատը խեղաթյուրելը․ Փաշինյանը անդրադառնում է նաև Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը։ Նա պնդում է, թե այդ կանոնը կուսակրոնության ուխտի խախտման դեպքում սահմանում է պատժամիջոցներ, որոնք իբր  պարտադիր են եղել նաև Հայ Եկեղեցում։

Սակայն եկեղեցական իրավունքի մասնագետները վաղուց հաստատել են, որ Անկյուրիայի ժողովը տեղի է ունեցել 313–315 թթ․ միջակայքում։ Այս կանոնի մեկնաբանությունը՝ հայկական եկեղեցական կյանքին ուղղակիորեն վերագրելը, աղավաղում է ինչպես պատմական, այնպես էլ իրավաբանական ճշմարտությունը։

Եթե այդ կանոնը իսկապես պարտադրվում էր Հայ Եկեղեցուն, ապա ինչպես է հնարավոր բացատրել այն փաստը, որ դրա գոյության պայմաններում ունեցել ենք չորս ամուսնացած ու զավակներ ունեցող սուրբ կաթողիկոսներ։ Սա տրամաբանական անհնարինություն է։

Հետևաբար, Փաշինյանի վայ մեկնաբանությունն ուղղակիորեն մերժվում է եկեղեցական իրավունքի տրամաբանության և պատմագիտական իրողության կողմից։

Այս ամենից հետո մնում է հռետորական մի հարց․ ո՞ւմ ենք վստահում մեր անցյալի, հավատքի և գիտության մեկնաբանումը։ Եթե պատասխանը սխալ անձինք են, ապա սխալվելուց բացի՝ շատ ավելի վտանգավոր բան է տեղի ունենում՝ մենք սխալվում ենք ինքներս մեր նկատմամբ։

Հ․Գ․

Բավական չէ կանոնների համարները գրել մեսրոպատառ, հարկավոր է նաև իմանալ՝ ինչպես կարդալ դրանք։ Բառերը մեսրոպատառ գրելն ինքնին գրագիտություն չէ, եթե ընթերցվում են անգրագիտորեն։ Նույն տրամաբանությամբ, պատմությունը վերլուծել ցանկացողն առաջին հերթին պարտավոր է տիրապետել փաստերին։ Այլապես, պատմությունը վրեժ է լուծում նրանցից, ովքեր կեղծում են իրեն։

 

Տեր Արարատ քահանա Պողոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30