Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորյան հանդիպումներ

Հունիս 19,2025 12:30

Սկիզբը՝ այստեղ:

2.Բլոգեր Լապշինը Ծաղկաձորում

Հայաստանի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը հայտնեց, որ հայտնի բլոգեր, ճանապարհորդ եւ ժուռնալիստ Ալեքսանդր Լապշինն էր եկել, սակայն ինքը տեղում չի եղել, խնդրել է հարեւան հանգստի տանը ընտանիքով տեղավորված նրան հայտնել, որ ինքը սպասում է նրա նոր այցին։

Հաջորդ օրը հրեա բլոգերը եկավ։ Մենք Ֆեյսբուքի ընկերներ ենք, ու ես հաճախ եմ իմ գոհունակությունը հայտնում ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ ու մարդատյաց քաղաքականությանը նրա քայլերի առնչությամբ։ Որոշ հասարակական գործիչներ Հայաստանում, այդ թվում  նաեւ լրագրողներ, չէին վստահում նրան։ Սակայն նրանք հեռու էին բլոգերի հզորությունից, թեմաների ընդգրկումից ու նպատակասլացությունից։

Երբ 2016 թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսի իշխանությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջով ձերբակալել էին Ալեքսանդր Լապշինին եւ արտահանձնել Ադրբեջանի իշխանություններին, ես մի շարք հայտնի բլոգերների, որոնցից էր Բլոգերների ասոցիացիայի նախագահ, հայտնի հասարակական գործիչ Եվլոեւը, հայտնել էի այդ մասին ու առաջարկել Արցախում աշխարհի բլոգերների գիտաժողով հրավիրել եւ ի լուր աշխարհի պահանջել, որ ազատ արձակեն Լապշինին։ Իրոք մի քանի ամիս անց այն տեղի ունեցավ Ստեփանակերտում, որին ինձ չէին հրավիրել։

Բլոգերին ձերբակալելու առիթը նրա երկու այցերն էին Արցախ, ու նրա անունը հայտնվել էր Ադրբեջանի հայտնի Սեւ ցուցակում՝ որպես անցանկալի անձ։

– Օ՜, հայ-հրեական հայտնի լրտես Լապշինն է Ծաղկաձոր ժամանել,-ընդառաջ գնալով՝ ասացի ես։

Թախծոտ հայացքով ինձ նայեց, ապա մտածելով, որ կատակում եմ, ժպտաց։

Հանրահռչակ բլոգերը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» օդակայանում իրեն պահել էին մի քանի ժամ, արգելել  մուտքը Հայաստան։

– Բայց Ալիեւը այնքան է խոսել Հայաստանի այս պատառիկը Արեւմտյան Ադրբեջան լինելու հորինված ծրագրի մասին, որ թվացել է, թե կարող է կարգադրել ՀՀ վարչապետին արգելել մուտքը իրենց հորինած երկիրը։

ՀՀ սահմանապահները հետո ասացին, որ Լապշինին պահել են Բելառուսի պահանջով, հետո ազատ են արձակել։

2021 թ. մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրադատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել, որ Բաքվի բանտում մահափորձի եւ տանջանքների է ենթարկել բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Դատարանը պարտադրել է որպես կրած վնասների հատուցում Լապշինին վճարել 30 000 եվրո։

Ալեքսանդր Լապշինի մասին «Սեւ ցուցակ» վերնագրով վավերագրական է նկարահանվել, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։

Ադրբեջանական քաղաքական վերնախավը, մանավանդ Իլհամ Ալիեւը, ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել, ու բլոգերի յուրաքանչյուր քայլին մի նոր հիմարությամբ են պատասխանում ու առիթ ստեղծում, որ Լապշինը արժանի պատասխան տա։ Հիմա Բելառուսի իշխանություններին նոր դատավարություն է սպառնում երեւանյան օդակայանում անիմաստ քայլի համար։ Մինսկի բռնապետը, լսելով Իլհամի խորհուրդը, կրկին սխալ գործեց ու պետք է պատասխան տա դրա համար։ Նրանք կրկին հույսները կապել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գրողների ծաղկաձորյան տանը բլոգերը ռեպորտաժների շարք սկսեց նկարահանել։ Նրան հիացմունք էր պատճառել այստեղ խնամքով պահպանված խորհրդային շրջանի ճարտարապետությունն ու դիզայնը,  միջավայրը։ Մեսրոպ Մանուկյանը պահեստավորել էր հանգստի տան հին իրերը, հեռախոսներից, տպիչ սարքերից մինչեւ խոհանոցային իրերն ու սպասքը, որոնց նկատմամբ եւս անտարբեր չէր բլոգերը։ Նույն օրն էլ նա այդ ամենը եթեր տվեց Յութուբում ու սոցցանցերում։ Հատկապես նրան հուզում էր այն հանգամանքը, որ Անտառի մեջ այս հյուրատունը դեռեւս այցելուներ քիչ ունի։

Լապշինի հետ գնացինք ճանապարհելու կնոջը Երեւան։ Ավտոբուսի սպասելիս տեղ գրավեցի նստարանին եւ առաջարկեցի Լապշինին, կնոջն ու տասնամյա դստերը  նստել, մինչեւ կհայտնվի ավտոբուսը։ Չորս դպրոցական աղջիկներ կանխեցին եւ իրենք նստեցին։ Ոչինչ չասացի, քանի որ երեւանյան տրանսպորտում եւս հաճախ է պատահում նման դեպքերը։ Ընդհանրապես, ես մտածում էի, որ Մանկավարժական համալսարանում վաղուց է հասունացել վարվեցողության, էթիկայի, դաստիարակության դասագրքի ու նման առարկայի դասավանդման կարիքը։ Նախ պետք է կիրթ լինեն մանկավարժները, որպեսզի կարողանան նման դասընթացներ վարեն դպրոցներում։ Ես մտածում էի նման դասագիրք գրել, նույնիսկ Մանկավարժական համալսարանից բանավոր պատվեր ստացա մի տասը էջանոց նախաբան գրեմ, որը հաստատի գիտխորհուրդը, նոր միայն սկսեմ գիրք գրել հատուկ պատվերով։ Այն այդպես էլ չիրականացավ։

Հետո Լապշինն ինձ պատմեց, որ հենց այդ աղջիկներն են մի ժամ հետո վթարի ենթարկվել Ձաղկաձորի կենտրոնում։ Նա տեսել էր փողոցում ընկած աղջիկներին, մոտորասայլակն ու «Մերսեդես» մեքենան։ Սակայն նա զարմացել էր, որ ոչ մի տեղ չի գրվում ավտոմեքենայի մասին, վթարի մեղքը գցելով մոտորասայլակի վարորդի վրա։ Իհարկե, քաղաքապետարանը եւ ոստիկանությունը պետք է վաղուց արգելանք դրած լինեին քաղաքի սահմաններում նման ավտոսայլակների օգտագործումը, մանավանդ, որ դրանք վարում են վարորդական իրավունք չունեցող անփորձ պատանիներ։

Հաջորդ օրը Մեսրոպ Մանուկյանը առաջարկեց միասին մի փոքրիկ ճամփորդություն կատարել Ծաղկաձորի շուրջը։ Բլոգերը միացավ մեզ։

Կրկին հայտնվեցինք շրջափակված պիոներական ճամբարների անճոռնի պարիսպների արանքում։ Հազիվ թե ինձ հաջողվի ՀՀ Ազգային ժողովում հայտնվել ու հանդիպել Խաչատուր Սուքիասյանին եւ հետաքրքրվել այս տարածքների ճակատագրով, այստեղ կառուցվող տասը հարկանի շենքերի շարքով։ Տարիներ առաջ, երբ ես որպես մեկնաբան աշխատում էի Հայկական հեռուստատեսությունում եւ վարում էի հեղինակային «Հսկում է օբյեկտիվը» հաղորդաշարը, հանդիպել էի Խաչատուրի հորը, հաղորդում պատրաստել գործարարի մասին։ Շատ բանիմաց ու միեւնույն ժամանակ բարի ու խորաթափանց մարդ էր։ Որդու հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, սակայն այն, ինչ նա ձեռնարկում էր Ծաղկաձորում, ինձ դուր չէր գալիս։ Գուցե խորհրդարանի պատգամավորն այլ բացատրություն ունի…

Հրազդանի ՋԷԿ-ը կառուցվել է բարեբեր դաշտում, իսկ Հայաստանում քիչ են նման հողատարածքները։ Տարօրինակ է, որ ոռոգվող հողերի խնայողության մշակույթ համարյա գոյություն չունի այսօրվա Հայաստանում։ Ահա ճանապարհի աջ կողմում, Հրազդանի սահմաններում մեծ քարեր էին թափված։ Իսկ այդ տարածքը կարելի էր օգտագործել այգու կամ գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու համար։ Հիշեցի՝ տարիներ առաջ Հրազդան էի եկել քաղաքի մասին հաղորդում պատրաստելու։ Հարթ ու ոռոգվող տարածքում շենքեր էին կառուցում։ «Մի՞թե չեք կարող այս շինությունները թեքություններին, լեռնալանջերին կառուցել, ճարտարապետական հետաքրքիր լուծումներ տալ բնակավայրին»,- ասացի ես։ Այդպես էլ մեր շրջկենտրոնները իրարից չեն տարբերվում անհոգության, անտարբերության ու միջակության պատճառով։ Իսկ ահա Գորիսը տարբերվում է մյուս շրջկենտրոններից իր կառուցապատման ավանդության պահպանման շնորհիվ, ու շնորհիվ խորհրդային տարիներին ճարտարապետական ավանդապաշտությունը հարգող կուսշրջկոմի առաջին քարտուղարի։

Հիշում եմ, ժամանակին հաղորդում էի տվել Երեւան-Արարատ մայրուղու կառուցման մասին։ Հաշվարկել էի, թե որքան հողատարածք էր գրավում այն, ինչքան բերք կարող էինք ստանալ, հետո ցույց տվել  այն բարձունքները, որոնց թեքություններին կարող էին կառուցել ճանապարհը։ Պատկան այրերը պատասխանել են, թե այն նաեւ պատերազմական պայմաններում ռազմական ինքնաթիռների համար պետք է որպես թռիչքադաշտ ծառայեն։

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30