«Երեմյան» կաթնամթերքը որակ է ապահովում
Ի՞նչ պայմաններում եւ որտե՞ղ է արտադրվում այն կաթնամթերքը, որն ուտում եք դուք եւ ձեր երեխաները, ձեր ծնողները: Գիտե՞ք, որ սննդի միջոցով մարդուն կարող է անցնել ավելի քան 200 հիվանդություն, որոնցից 150-ը՝ վարակիչ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի արձանագրվում է սննդով փոխանցվող հիվանդությունների 600 միլիոն և դրանց արդյունքում մահվան 420 հազար դեպք ամբողջ աշխարհում:
Ի՞նչն ավելի թանկ արժե՝ ձեր եւ ձեր հարազատների կյա՞նքը, թե որակյալ, մաքուր եւ բնական սնունդը:
«Երեմյան» ապրանքանիշի արտադրանքը Հայաստանում ստացվող միակ A դասի կաթնամթերքն է, որն ունի մանկական կաթի վկայական, միակն է, որն արտադրվում է որակի երաշխիք համարվող FSSC 22000 սերտիֆիկացում ունեցող գործարանում։ Միակն է, որը կաթը ստանում է միայն եւ միայն սեփական ֆերմայի կովերից, առանց այլ տեղերից հավաքագրումի, եւ աշխատում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, փակ շղթայով:
Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ է այդ ամենը նշանակում:
Կարդացեք նաև
«Սերմից սեղան» հայեցակարգ
Սա Երեմյան կաթնամթերքի Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող ֆերման է՝ 32 հեկտար հող, որի վրա գտնվում է 70 հազար քառակուսի մետր կահավորված տարածք: Այդ տարածք գրեթե մեքենա չի մտնում, որպեսզի դրսից բակտերիաներ չբերի ֆերմա: Իսկ այն մեքենաներն էլ, որոնք չեն կարող ներս չգալ, օրինակ, կաթնատար հատուկ մեքենաները, մինչ ֆերմա մտնելը, անցնում են հատուկ բակտերիասպան լուծույթով ջրափոսի միջով: Չէ՞ որ այստեղ են ապրում այն կովերը, որոնք ապահովում են մեզ որակյալ կաթով եւ կաթնամթերքով: Իսկ կովերն ապրում են հրաշալի պայմաններում՝ աննկարագրելի գեղեցիկ բնություն, մաքուր օդ, հրաշալի ջուր եւ նույնիսկ՝ հիմալայան աղ:
Լավ եւ որակյալ կաթ տալու համար գլխավոր պայմանը ճիշտ սնունդն է: Եվ հենց այստեղ էլ հիշում ենք սերմից սեղան հայեցակարգը: «Երեմյան» կաթնամթերքի սեփական դաշտերում՝ 850 հեկտար մշակվող հողի վրա աճեցվում է անասնակերը՝ առվույտ եւ եգիպտացորեն, որոնք ապահովում են բնական վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ սնունդը: Կանաչ անասնակերը խնամքով հավաքվում եւ փաթեթավորվում է, ուղարկվում ֆերմա, որտեղ դրանից ստանում են սիլոս՝ խոշոր եղջերավորների համար հատուկ նրբահամ կեր՝ հարստացված նաեւ աղացած գարիով եւ աղացած եգիպտացորենի հատիկներով, սոյայի արժեքավոր խտանյութով։ Դա թույլ է տալիս, որ ողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից, կենդանիները ստանան նույն բարձրորակ և թարմ սնունդը՝ սիլոս ու սենաժ:
Ֆերմայում պահվում է 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը՝ կթու կով: Այս քանակը թույլ է տալիս ապահովել տարեկան ավելի քան 10 մլն լիտր անարատ կաթ՝ միայն եւ միայն սեփական ֆերմայի կովերից:
Ի դեպ, «Երեմյան» կաթնամթերքի ֆերմայում միայն մաքրացեղ «Հոլշթեյն» տեսակի կովեր են, որոնք կարող են օրական ավելի քան 35լ կաթ տալ: Նրանցից ոմանք կարող են օրվա ընթացքում մինչեւ 55կգ կեր ուտել եւ 120լ ջուր խմել: Այս «բկլիկները» օրվա ընթացքում երեք անգամ կթվում են՝ հատուկ պայմաններում:
Այս սարքն ապահովում է կովերի ավտոմատացված կիթ, ընդ որում՝ առանց կովերին սթրեսի ենթարկելու, ինչը շատ կարեւոր է բարձրորակ կաթ ստանալու համար: Սարքը թույլ է տալիս, որ միաժամանակ կթվի 40 կով, ժամում՝ 250-ը: Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթի ողջ ընթացքում, կաթն ընդհանրապես չի շփվում օդի հետ, ինչը բացառում է որեւէ տեսակի բակտերիաների մուտքը կաթ: Սա հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, թե տան պայմաններում կթված կաթը նախընտրելի է: Հիշենք, որ օդի մեջ տասնյակ հազարավոր բակտերիաները վայրկյանների ընթացքում կարող են անցնել կաթին:
Ի դեպ, կովերի առողջությունը նույնպես առաջնային կարեւորություն ունի «Երեմյան» կաթնամթերքի համար: Նրանք տարին երկու անգամ անցնում են բժշկական ստուգում, ունեն անհատական վակցինացման պլան, որին խստորեն հետեւում են: Յուրաքանչյուր կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն է կրում նրա վրա դրված անհատական կրիչը, որի միջոցով ֆերմայի աշխատակիցները տեղեկանում են կենդանու սնուցման, առողջության, անգամ՝ տրամադրության եւ նոր սերունդ տալուն պատրաստ լինելու մասին:
Հորթուկներն ապրում են առանձնացված, ամենքի համար փոքրիկ տնակ կա, եւ նրանց մայրական կաթով ու ծծակով կերակրում է «կաթնաբեր տաքսին»: Նոր ծնած կովերի խիտ կաթը՝ խեժը, ամբողջությամբ հրամցվում է հորթուկներին: Ավտոմատացված կերակրվում են նաեւ մայր կովերը:
Կովերը կթվելուց հետո կաթն անմիջապես փակ շղթայով տեղափոխվում է հատուկ սառնարան, ֆիլտրվում, պահպանվում հստակ նշված ջերմաստիճանում, որտեղից էլ՝ նույն փակ ճանապարհով հատուկ պայմաններ ունեցող կաթնատար մեքենա է մտնում, որով հասնում է Երեւան՝ միջազգային ժամանակակից բարձրակարգ պայմաններով աշխատող, Հայաստանում միակ FSSC 22000 սերտիֆիկացում ունեցող կաթնամթերքի գործարան: Այդ ողջ ցիկլում կաթը պահպանում է մաքրությունը, որակը եւ աննկարագրելի համը:
Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման և նմուշառման առանցքային փուլը։ Այստեղ կաթն անցնում է կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ։
Այդ բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետ կաթը վերածվում է «Երեմյան» ապրանքանիշի ավելի քան 60 տեսակի կաթնամթերքի՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, ռեժան, մածուն, յոգուրտ, թան, պանրի տեսակներ՝ լոռի, չանախ, սուլուգունի, մոցարելա, ինչպես նաեւ՝ յուրօրինակ տեսակներ՝ ռիկոտա, բուրատա, ստրաչատելա եւ այլն:
Ի դեպ, պատրաստի արտադրանքը՝ մինչեւ խանութներ հասնելը, նույնպես անցնում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։ Եվ մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով: Ապակյա տարաները ոչ միայն կաթնամթերքի որակն են բարձր պահում, այլեւ բնությանը չեն վնասում՝ վերամշակվող են: Ընկերությունն իրականացնում է նաև տարաների հետվերադարձի ծրագիր, որոնց դիմաց վճարում է իր սպառողներին։
Երեմյան ընկերության մասին
Շուրջ 20-ամյա պատմությամբ Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում՝ ստեղծելով 19 ռեստորան 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22000 սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն։
Ընկերությունը Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով իր գյուղատնտեսական նախագծերը մեկնարկել է 2019 թվականին՝ հիմնելով միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով առաջին ֆերման Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում։ 2022 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնադրվել է Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը, որն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում։