Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

«Մեր բանտերում քանի՞ տեղ կա, Սրբուհի Գալյան, բոլորին չեք տեղավորի»․ Քրիստինե Վարդանյան

Հունիս 19,2025 11:10

«Շատ է խոսվել, որ այս գործընթացները Ադրբեջանի պահանջով են իրականացվում։ Այդ ամենը ճիշտ է, բայց այս ամենը նաեւ իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղիղ մեզ ասում են՝ եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ ուղղակի Եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, եթե իմ կինն ամենավերջին բառերով իր սոցցանցերում կարող է անդրադառնալ սրբազաններին ու Ամենայն հայոց վեհափառին, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ձեզ հետ ինչ կկատարվի, եթե համարձակվեք քննադատել մեզ։ Էս վախի ուղերձն է փոխանցվում մեզ»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա անդրադարձավ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին։ «Դուք անմրցելի եք հատակն անընդհատ ծակելու գործում։ Չնայած, չէ, մի քաղաքական գործիչ կա, որը մրցում է ձեզ հետ, եւ դա քաղաքական գործիչ Աննա Հակոբյանն է։ Ամեն դեպքում՝ անընդհատ հատակը ծակելու մրցանակը Փաշինյանների ընտանիքին է պատկանում։ Բայց ես ուզում եմ ձեզ ու ՔՊ-ին շնորհակալություն հայտնել այս համապարփակ ու ամբողջական լյուստրացիայի համար, որը դուք արել եք։ Ով կպատկերացներ, որ երբեմնի ընդդիմադիր գործիչներ Զարուհի Բաթոյանը, Մարիա Կարապետյանը, ովքեր միշտ հանդես էին գալիս անձնական կյանքի պաշտպանության դիրքերից, արդեն պետական պաշտոնյայի դիրքերում ամեն կերպ, անգամ գաղափարապես կհիմնավորեն, որ պետական պաշտոնյան պատերազմից 5 պակաս երկրի առաջնային օրակարգ պետք է դարձնի հոգեւորականների ենթադրյալ զանցանքները։ Ինձ մոտ ընդհանրապես տպավորություն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը մի օր գա հայտարարի, որ հայ ազգը պետք է վերանա, որ ադրբեջանական ազգն ապրի, Մարիա Կարապետյանն այս մասին մի հատ ընենց գաղափարական ելույթ կգրի»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ՔՊ-ն ինչ ուզում է, թող անի, բոլորին չեն կարող տեղավորել բանտերում։ «Մեր բանտերում քանի՞ տեղ կա, Սրբուհի Գալյան, 1000, 2000, բոլորին չեք տեղավորի։ Ինձ դահլիճում պատասխանում են՝ կտեղավորենք-կտեղավորենք, էլ չեն էլ թաքցնում»,- ասաց նա։

Պատգամավորը դիմեց գործարարներին՝ նշելով․ «Վախենալու իմաստը ո՞րն է, դուք էդ ձեր ունեցվածքը կարողանալո՞ւ եք պաշտպանել, Ալիեւի ու Էրդողանի հետ պայմանավորվելո՞ւ եք։ Ո՞ւր կորան Արեւմտյան Հայաստանի մեծահարուստները, ի՞նչ եղավ նրանց հետ, ունեցվածքը փրկեցի՞ն, գերեզման չունեն անգամ։ Ուրեմն՝ ինչի՞ց եք վախենում»։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30