«Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ է, ուրիշ ոչինչ։ Վաղը կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում, գոհ կլինեն այնտեղ ձեզանից, շատ գոհ կլինեն»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ շատ է խոսվում սրբապղծությունից։ «Ես ուզում եմ ասել, թե ինչն է ինձ համար սրբապղծություն։
Սրբապղծություն է այն, որ միայն նրա համար, որ ձեզ դավաճան չասեն, միայն ձեր կաշվի փրկության համար հազարավոր տղաների կյանքը դրեցիք զոհասեղանին։
Սրբապղծություն է, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա հրամանով մեր զորքը տասնյակ կիլոմետրերով հետ է քաշվել՝ անպաշտպան թողնելով եւ հարվածի տակ թողնելով ՀՀ-ն։
Կարդացեք նաև
Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետեւանքով եղավ էթնիկ զտում, եւ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Այո, սրբապղծություն էր, երբ Արցախի վրա հարձակում կար, իսկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարում էր, որ որեւէ վտանգ ու սպառնալիք չկա քաղաքացիական հասարակությանը»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորները տեղից աղմկում էին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում տվեց ՔՊ-ական պատգամավորներից ոմանց։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Գրիգորյանին իր ելույթում արձագանքեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը․ «Ստեղ բաներից եք խոսում, ոնց որ մենք էս երկրից չենք եղել։ Տիկին Գրիգորյանն ասում է՝ կգնաք, Էրդողանը ձեզ հավանություն կտա կամ չի տա, կամ Ալիեւը։ Էս երկրում՝ ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիեւից ոչ միայն հավանություն, այլեւ երաշխավորագիր է ստացել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը Կոմունիստական կուսակցության անդամ դարձել է Հեյդար Ալիեւի տված երաշխավորագրով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ