Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Հունիս 19,2025 12:14

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած

Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ ստվերում է «America First» կարգախոսի բուն էությունը և ստանում է մի իրավիճակ, երբ «deal maker»-ի մոտ չի ստացվում գործարք կնքել ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Իրանի և Իսրայելի միջև։ Չմոռանանք, որ Թրամփը պնդում էր, որ իր նախագահության առաջին շրջանում նա որևէ պատերազմ չի սկսել՝ դառնալով այս տեսանկյունից ժամանակի բացառիկ ամերիկյան առաջնորդ: Նա կորցնում է հանրային աջակցությունը (ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է ԱՄՆ-ի ներքաշվելուն), և վերջապես՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել այն ամերիկացի զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։ Բնականաբար, Թրամփը չի գնա ցամաքային գործողության։

Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ամերիկյան ռազմական գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում առանձնապես դրական արդյունք չեն տվել՝ ոչ ամերիկացիներին, ոչ էլ տեղի բնակչությանը։ Լինի դա Իրաքը, Սիրիան, թե նույնիսկ Աֆղանստանն ու Լիբիան։ Եվ սա Թրամփի հիմնական քննադատությունն է եղել նախկին վարչակազմերի վերաբերյալ:

Սակայն Թրամփը չի կարող նաև Իսրայելին չաջակցել։ Այս պարագայում կստացվի, որ ԱՄՆ-ն չի կանգնում իր դաշնակցի թիկունքում ամենաբարդ պահին։ Սա ևս բացասաբար կանդրադառնա Թրամփի ներքաղաքական իմիջի վրա՝ մանավանդ Եվանգելիստների և ուժեղ ու ազդեցիկ հրեական լոբբիստական շրջանակների և դոնորների շրջանում։ Իհարկե Թրամփը վերընտրվելու իրավունք չունի, սակայն նրան թիմակից իրավահաջորդ է հարկավոր հետագայում հետապնդումներից խուսափելու համար:

Միաժամանակ, ամերիկացիների 72%-ը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիք է։ Սա նույնպես կարևոր գործոն է։ Վերջիվերջո, առանց ամերիկյան ծանր ռմբակոծիչների՝ անհնար կլինի հարվածել Իրանի ամենապաշտպանված միջուկային ենթակառուցվածքներին։ Իսկ եթե Թրամփը դա չանի, ապա այս պատերազմը գլոբալ առումով անիմաստ կդառնա։

Եթե Թրամփը ունենար «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն, նա, իհարկե, այդպես կվարվեր։ Սակայն ամերիկյան նույնիսկ մեկ ռմբակոծիչի ուղիղ ներգրավվածությունը Իրանը համարելու է պատերազմ ԱՄՆ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ երկարատև պատերազմը Թրամփին բացարձակ պետք չէ:

Սրանք Թրամփի մտահոգությունների չնչին մասնաբաժինն են միայն և նա ընտրել է ռազմավարական սպասումը՝ փորձելով խուսափել ներքաշումից այնպես, ինչպես փորձում էր Ռուզվելտը 2-րդ և Ուիլսոնը 1-ին աշխարհամարտերի ժամանակ, երբ պատերազմները ԱՄՆ հողի վրա չէին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30