«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվել։ Հնարավոր է՝ դեռ կառավարությունից ԱԺ չի հասել»,- լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԷՑ-ի պետականացման մասին և հարցին՝ արդյոք իրենց հանձնաժողովը նման առաջարկ ստացե՞լ է, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Լրագրողները խնդրեցին ներկայացնել՝ ի՞նչ օրենսդրական լուծումներ պետք է ստեղծվեն, որ ամբողջությամբ օրինական կերպով այդ գործընթացն իրականացվի, Սերգեյ Բագրատյանը չկարողացավ պատասխանել և նշեց իր ենթադրություններն ու վարկածները․ «Ես կարող եմ ասել, որ օրինակ՝ քաղաքացիները, որոնք հովհարային անջատումներից տուժել են, կարող են հայցերով մտնել դատարան, և այդ գումարի չափը լինի այնքան, որքան ՀԷՑ-ի գինը։ Կարող է վարկած լինել, որ կազմակերպությունը վարկային պորտֆել ունենալով՝ նպատակային չի օգտագործել դա»։
Հարցին՝ պետությունը պատրա՞ստ է գումարով գնել ՀԷՑ-ը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Կարծում եմ պետք է բանակցել սեփականատիրոջ հետ, հասկանալ որոշված գինը։ Հաճախ իրական գինը խաբուսիկ է, կարող է կազմակերպությունը պարտքեր ունենալ։ Գնելը տարբերակներից մեկն է, քննարկման ընթացքում է»։
Լրագրողները խնդրեցին ներկայացնել փաստեր, որոնց հիման վրա վարչապետը նման հայտարարություն է արել: Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Հնարավոր է կան փաստեր, որոնք հիմքեր են տվել վարչապետին այդ մասին բարձրաձայնելու։ Կայքում դրված են ՀԷՑ-ի տվյալները, թե ինչ հարկեր են վճարել, ինչ հաշվետվություններ կան։ Պրոցեսը գնալու դեպքում հասարակությունը կտեսնի։ Միջազգային կազմակերպություն է և միջազգային աուդիտ պիտի իրականացվի։ Աուդիտ կարող է նախաձեռնել կառավարությունը, ինչպես նաև կազմակերպությունն՝ ինքը»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե այս գործընթացը չի տարվում ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար, պատգամավորը պատասխանեց․ «Այդ կարծիքը նույնպես գոյության իրավունք ունի։ Բայց պետք է փաստերով խոսել։ Քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է ՀԷՑ-ի մատուցած ծառայություններից, հանրային ծառայությունների տիրույթում է հարցը»։
Հարցին՝ ՀԷՑ-ի պետականացման սցենար կա՞, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Սցենար չկա։ Առնվազն ես տեղյակ չեմ ՀԷՑ-ի պետականացման մասին որևէ սցենարից»։
Լրագրողների դիտարկմանը՝ այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, չի՞ վնասի հայ-ռուսական միջպետական հարաբերություններին, ՔՊ-ական պատգամավորն այսպես պատասխանեց․ «Մեր՝ հարյուրավոր քաղաքացիներ ՌԴ-ում դատվում են, պետք է համարենք միջպետական հարաբերությունների խաթարո՞ւմ։ Եթե հանցագործություն է արվել, դատել են, կարող ենք խնդրել արտահանձնել։ Հարաբերությունների խաթարման հիմք չի լինի։ Իրավական պրոցես է»։
Սերգեյ Բագրատյանը վստահեցրեց՝ ինքը որևէ տեղեկություն չունի, որ ՀԷՑ-ն ուզում են վաճառել թուրքական ընկերության։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ