Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան. Գոռ Ծառուկյան

Հունիս 19,2025 15:26

Դիլիջանում մեկնարկել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով փորձագիտական 2-րդ համաժողովը, որին մասնակցում են վրացական մտակենտրոնների 11 փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Օրբելի» եւ հայաստանյան այլ վերլուծական կենտրոնների շուրջ 10 հետազոտողներ։ Միջոցառումն ընթանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ:

«Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան, մենք առանձնակի կարեւորություն ենք տալիս Հայաստանի ապրանքների եւ ուղեւորափոխադրումների անխափան ելքին միջազգային շուկաներ հենց Վրաստանի միջոցով: Սա մեր ռազմավարական առաջնահերթություններից է, որի համար անհրաժեշտ է համակարգված քայլեր իրականացնել»,-նշեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանը:

Ի թիվս այլնի՝ նա հավելեց, թե համոզված է, որ այս համաժողովը էապես կնպաստի հայ-վրացական հարաբերությունների խորացմանը, կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը եւ նոր ուղի կբացի երկու ժողովուրդների բարեկամության համար: Նաեւ հույս հայտնեց, որ անկեղծ եւ բաց քննարկում կլինի. «Երեկ ընթրիքի ընթացքում մեր գործընկերները հարցրին՝ արդյոք միայն Հայաստանից եւ Վրաստանի՞ց են լինելու մասնակիցները: Երբ նշեցի՝ այո, պատասխանը եղավ՝ շատ ավելի լավ, շատ ավելի անկեղծ կխոսենք… Այնպես որ պետք է ապահովենք այս անկեղծությունը»:

Միջոցառմանը առցանց մասնակցում էր նաեւ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, որը պատասխանում էր ներկաների հարցերին: Փորձագետներին, օրինակ, հետաքրքրում էր, թե ինչպիսին են հարաբերությունները Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ կամ ինչ լուծում է տեսնում մեր հարեւան երկիրը տարածաշրջանը տուրբուլենտության վիճակից դուրս բերելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գոռ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30