Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավախություն ունեմ, որ Փաշինյանը Թուրքիայից այնպիսի փաստաթուղթ կբերի, ինչպիսի Պրահայինն էր. Ռուբեն Հակոբյան

Հունիս 19,2025 16:19

«Այս պատերազմի հետագա շարունակությունը կարող է ողբերգություն բերել ոչ միայն տարածաշրջանին, այլ ամբողջ աշխարհին: Հիմնական գերտերությունները, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ պատերազմի կանխմանը, հայտարարում են, թե պատրաստ են, բայց առայժմ նոր թափ է ստանում պատերազմը, եւ խաղի մեջ նոր զենքեր են մտնում:

Այսօր չկա մեկը, որ կարողանա ասել, թե երբ եւ ինչով կավարտվի այս պատերազմը, քանի որ գլխավոր դերակատարները օրվա ընթացքում կարողանում են փոխել իրենց կարծիքները: Մասնավորապես կառանձնացնեի Թրամփին, որն անընդհատ իրար հակասող ձեւակերպումներ է տալիս: Նաեւ կան դաշնակիցներ, որոնք թշնամիներ են դարձել:

Օրինակ, Պակիստանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անթաքույց օգնում էր Ադրբեջանին, բայց այսօր օգնում է Իրանին, կամ Հնդկաստանն ունի խնդիրներ Պակիստանի հետ, եւ իր դիրքորոշումը հօգուտ Իսրայելի է արտահայտել: Ռուսաստանն ասել է, որ ուզում է կանխվի պատերազմը, ինչը հասկանալի է այն առումով, որ ինքն ունի Ուկրաինայի հետ պատերազմ»,- «Հայելի» ակումբում նշեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Իրանի եւ Իսրայելի միջեւ կոնֆլիկտին:

Նա անդրադարձավ ժամանակին Ժիրինովսկու արած այն հայտարարությանը, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Իսրայել-Իրան հակամարտությամբ, ինչն այսօր կարծես իրականություն է դառնում:

«Իրանից բավականին ներգաղթ է արվում դեպի Հայաստան, Մեղրին ծանրաբեռնված է: Իրանում ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ: Իհարկե, որ գալիս են Հայաստան, պետությունը պետք է կարողանա համապատասխան կառուցակարգերով, ծրագրերով ընդունել մեր հայրենակիցներին: Իրենք առաջին մուտքով Հայաստանում մնալու 90 օրվա հնարավորություն ունեն, եւ պետք է կարողանալ դիմավորել մեր հայրենակիցներին: Վտանգն այն է, որ որպես Իրանի քաղաքացի են գալիս:

Ինչպես գիտեք՝ Իրանում բավականին շատ ադրբեջանցիներ են ապրում, հատկապես Ատրպատականի հատվածում: Նրանք եւս որպես Իրանի քաղաքացի՝ կարող են ներխուժել Հայաստան, նաեւ թուրքերը կարող են գալ: Մենք բավականին վտանգավոր վիճակում ենք հայտնվել, հատկապես որ թուրք-ադրբեջանական տանդեմը Արեւմտյան Ադրբեջանի խնդիր է դրել եւ պետականորեն հետապնդում է այն»,-ասաց քաղաքագետը: Նաեւ հորդորեց, որ ՀՀ համապատասխան կառույցները զբաղվեն խնդրով, միեւնույն ժամանակ հեգնեց, թե նրանք այժմ գինեկոլոգիայով են զբաղված:

Ռուբեն Հակոբյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այցից Թուրքիա. «Թուրքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Թուրքիան այն պետությունն է, որի նախագահ Էրդողանը հայտարարել էր՝ ես եմ հաղթել 44-օրյա պատերազմում, ինչը ենթադրում է՝ ես եմ գլխատել 5000 հայ զինվորի, ես եմ հայաթափել Արցախը: Նիկոլ Փաշինյանը կարողանում է ամեն ինչ թաքցնել, եւ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու է նա գնում Թուրքիա: Ես մեծ մտավախություն ունեմ, Աստված տա, դա չիրականանա, որ ինքն այնտեղից փաստաթուղթ է բերելու, մոտավորապես այնպիսի փաստաթուղթ, ինչպիսի Պրահայինն էր, որը կապիտուլյացիան վերջնական դարձրեց՝ Մակրոնի, Միշելի, Ալիեւի եւ իր ստորագրությամբ: Այդ փաստաթղթով հայտարարվեց, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Չի բացառվում, որ փաստաթուղթ ստորագրվի Խաղաղության պայմանագիր զավեշտի հետ կապված եւ ամրագրվի 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30