Ազգային ժողովը հունիսի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ելույթներ են ունեցել պատգամավորները՝ հիմնականում խոսելով ներքաղաքական խնդիրներից:
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով հերթական նիստերում ընդդիմադիր պատգամավորների՝ ի պաշտպանություն եկեղեցու հնչած ելույթներին՝ խորհրդարանի նախագահը նշել է. «Եկեղեցու դեմ որեւիցե մեկը չի պայքարում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, եւ դրա մեջ կասկած չկա: Բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան եւ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են»:
Խոսելով ազգային ինքնության մասով իշխանության պատկերացումների վերաբերյալ՝ ԱԺ նախագահը նշել է. «Մեր պատկերացման մասին շատ ենք խոսել. դա ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունն է, իրական Հայաստանի Հանրապետությունն է, որով անկախացել ենք եւ որով ապրում ենք»:
Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է նախկին իշխանության տարիներին բանակում տիրող վատ բարքերին՝ մատնանշելով կոնկրետ դրվագներ:
Կարդացեք նաև
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադեւոս Ավետիսյանը: Պատգամավորը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, պետական բյուջեի կատարողականի համատեքստում զուգահեռներ անցկացրել վերջին մի քանի տարիների միջեւ՝ նշելով, որ բնակչության կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, ինչպես խոստացվել էր, այլեւ վատացել է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր գործընկերների հնչեցրած քննադատություններին, ներկայացրել բազմաթիվ փաստարկներ:
Ամփոփելով ելույթը՝ նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության կատարողականին:
Հարակից զեկույցում ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է հաշվետու տարում մարզում իրականացված ծրագրերն ու պետական բյուջեի կատարողականը:
Խորհրդարանը 63 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ԱԺ