«Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»։ Սրանք Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքերն են, որոնք նա արտասանել է 451 թվականին տեղի ունեցած Ազգային-ազատագրական պայքարից առաջ՝ ի լուր ամբողջ հայ ժողովրդի, քանի որ այդ ժամանակ յուրաքանչյուր հայ ինքնին զինվոր էր։ Այն պատմության մեջ հիշատակվում է որպես Ավարայրի ճակատամարտ, որը մղվել է հանուն հավատքի և հանուն հայրենիքի։ Ազգային-ազատագրական շարժման մասնակիցներն արդարացիորեն սրբադասվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից։
Փորձենք հասկանալ, թե ներկա ժամանակներում դարձյալ ի՞նչ պետք է տեղի ունենա Հայոց աշխարհում, որպեսզի Ազգային-ազատագրական շարժում հայտարարելուն այլընտրանք չմնա։ Գուցե պետք է օրենք ընդունվի լուծարե՞լ ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Ակնհայտ է, որ ամեն ինչ դեպի դրան է գնում։ Վտանգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, այն կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսության և Հայաստանից դուրս գտնվող թեմերը, լավագույն դեպքում, կանցնեն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը, որի չեզոքացնելն էլ այլևս մի փոքր ժամանակի հարց պետք է լինի։ Իսկ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսությունը կարող է լինել պարզապես շարքային կրոնական կազմակերպություն՝ առանց Սահմանադրորեն ամրագրված արտոնությունների։
Որքան էլ տխուր հնչեն ասածներս, սակայն այս վտանգը կա, քանի որ սպառվել են Եկեղեցի-Պետություն երկխոսության համար բոլոր հնարավոր միջնորդությունների հնարավորությունները, հատվել են թեկուզ պրոտոկոլային միջոցառումների մակարդակում շփվելու բոլոր կարմիր գծերը։
Կարդացեք նաև
Արդեն ոչ թե զավեշտալի, այլ վտանգավոր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի ու նրան հարողների պնդումներն առ այն, իբր իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են և իրենց պայքարը Եկեղեցու դեմ չէ։ Դժվար է պատկերացնել նույնիսկ, թե այսուհետ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իշխանությունների ու Եկեղեցու համագործակցությունը վերականգնել ներկայիս վարչապետի օրոք։ Իսկ եթե չկա այդ համագործակցությունը և սպառված են այդ համագործակցությունը վերականգնելու հնարավորությունները, ուրեմն վտանգված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հետևապես նաև՝ հայոց պետականությունը։
Հայրապետական սրբատառ կոնդակով ազգային-ազատագրական շարժում սկսելու մասին խոսելու առիթ ունեցել եմ, սակայն միշտ հույս եմ հայտնել, որ գործը դրան չի հասնի։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտակցում եմ, որ դա կնշանակի առճակատում, որի երկու կողմերում հայեր են լինելու, թեև հասկանալի է, որ մի կողմում կարող են լինել ընդամենը անուն ազգանուններով հայեր, այդուհանդերձ, կարող են տեղի ունենալ նաև տխուր հետևանքներ, ընդհուպ եղբայրասպանություններ, ինչը բոլոր դեպքերում անթույլատրելի է և նման բան այլևս չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն իշխանությունները հետևողական քայլերով, կարծես, դեպի դրան են սադրում։
Անշուշտ, Եկեղեցին չպետք է տրվի սադրանքներին, սակայն ազգային ուժերը, հուսով եմ, խորությամբ գիտակցում են, որ վտանգը ճշգրիտ գնահատելու և չեզոքացնելու անհրաժեշտություն կա։
Մենք բոլորս Եկեղեցու զինվորներն ենք և մեր հավատքին սպառնացող չարիքի դեմ պայքարելու ենք միասին ու ամեն մեկս մեր ձևով։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ