Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու ներսում հարցեր լինելու պարագային մենք կբարձրաձայնենք՝ ներքին կարգով: Այս պառակտիչ փորձերը անընդունելի են. Տեր Վաղարշ Իսախանյան

Հունիս 19,2025 17:32

Տեր Վաղարշ Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՉ

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հոգուս պարտքն եմ համարում հանդես գալ հրապարակային կոչով՝ ի պատասխան ամուսնացյալ քահանաների վերաբերյալ այսօր հրապարակված խառնակիչ հայտարարության և վերջին շրջանում մեր եկեղեցու նվիրապետական միասնությունը խարխլելուն միտված խայտառակ փորձերի և մոտեցումների։

Շատ ցավալի է, որ որոշ պետական պաշտոնյաներ, իրենց լիազորությունների սահմանները չգիտակցելով, փորձում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամուսնացյալ քահանաներին տրամադրել իրենց Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ։

Որպես Քրիստոսի ծառա, և որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հավատքի հստակությամբ հայտարարում եմ`

Եկեղեցին մեր տունն է, մեր հոգևոր մայրն է, Վեհափառը՝ մեր հայրն է, եպիսկոպոսները՝ մեր սրբազան առաջնորդներն են։
Եկեղեցու ներսում հարցեր լինելու պարագային մենք կբարձրաձայնենք՝ ներքին կարգով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, աղոթքով, խոհեմությամբ և ոչ երբեք խայտառակ հրապարակումներով, ինչպես անում են ոմանք, «որոնց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ նրանց ամոթը» (Փիլիպ. 3։19)։
Մեզ գայթակղել փորձողներին ասում եմ՝ «Հետև՛ս գնա, սատանա՛…» (Մատթ. 4։10)։

Ձեր պաշտոնները ժամանակավոր են, իսկ մենք վախենում ենք միայն Աստծո արդար և հավիտենական դատաստանից, որը գալու է։

Այս պառակտիչ փորձերը անընդունելի են հոգևոր, բարոյական, իրավական, քրիստոնեական և համամարդկային առումներով և խարխլում են հավատացյալների հոգևոր զգացումները։

Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին։ Մենք մեր ուխտի հավատարիմ զինվորներն ենք։

Սիրելի քահանա եղբայրներ, հոգևոր երջանկություն է ձեզնից մեկը լինելը և մեր ուժը միասնության մեջ է, մեր խաղաղությունը՝ մեր ուխտի հավատարմության մեջ, մեր փրկությունը՝ ճշմարտությանը ծառայելու մեջ։
Մենք մեր ճանապարհը վաղուց ենք ընտրել` հավատարմություն մեր հոգևոր կոչմանը, զորակցություն և հնազանդություն` մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին։

Թող Տերը առաջնորդի մեր ազգին ու մեր Եկեղեցուն։ Թող Քրիստոսի խաղաղությունը հաստատվի հայրենական մեր կյանքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30