2025թ. հունիսի սկզբից, հայ-իտալական համագործակցության շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) 2 արշավախումբ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ են իրականացնում Արագածոտնի մարզի Արուճ գյուղի դղյակ-ամրոցում, Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում:
Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ պեղումների աշխատանքները սկսվել էին դեռևս 2022-ին։
Մ․ թ․ մոտ 5-րդ դարերում հիմնված ամրոց-դղյակը հետագա դարերում՝ մինչև 13-14-րդ, նույնպես օգտագործվել է։ 20-րդ դարում դղյակի տարածքում տներ ու այլ կառույցներ են հիմնվել, որոնք էլ այսօր դժվարացնում են հնագետների աշխատանքը։ Աստղիկ Բաբաջանյանը տեղեկացրեց՝ ուսումնասիրման ու պեղումների աշխատանքները կատարվում են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը։
Կարդացեք նաև
Մասնագետներն Իտալիայից ժամանած ճարտարապետների հետ քննարկել են պեղված հատվածների և Արուճի ամրոցի ամրակայման, ինչպես նաև Արուճի տաճարում՝ հուշարձանի տեխնիկական վիճակը և գմբեթի վերականգնման հնարավորությունը պարզելու հարցերը։ Արուճի ամրոց-դղյակի իրական պատկերը կբացահայտվի պեղումների և ուսումնասիրությունների հետագա ընթացքում:
Այժմ տարածքում շատ են հատկապես 20-րդ դարի կառույցները՝ թոնրատներ, անասնագոմեր և այլն, որոնք էլ արդեն կարևոր են ժամանակաշրջանի առումով, բայց ամրոցը միջնադարյան երևույթ է, և կարևոր է իմանալ դրա պատմությունը:
Արուճ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից 29 կմ հարավ-արևմուտք։ Այժմ ընդգրկված է Աշտարակ խոշորացված համայնքի մեջ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մետր է։ Արուճը 5-րդ դարասկզբում, երբ դեռևս կար Արշակունիների թագավորությունը, ըստ հետազոտությունների, եղել է արքունական զորքի ձմեռանոց: 661թ. Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանը բնակավայրը դարձրել է իր նստատեղին; 685թ. Մամիկոնյան հզոր իշխանը զոհվել է խազարների հետ ճակատամարտում:
Նույն ժամանակ Արուճը կարևոր բնակավայր էր նաև Դվին-Անի ճանապարհին։ Տեղի բնակիչներն ամրոցը կոչում են Ձորի բերդ։ Այն, սկսած 5-րդ դարից, բազում անգամ ենթարկվել է ասպատակությունների, ինչպես մեր հայրենիքի նման շատ ամրոց-բերդեր, բնակավայրեր։ Բնական է՝ ավերվել է, մեր նախնիները կրկին այն վերակառուցել են ու ամրացել մեջը։ Ամրոցի պարիսպների ու այլ կառույցների պատերի մեջ զգացվում են սկզբնական շրջանի և հետագայի շարվածքները։ Գտնվում է գետի ափին, ունեցել է ամուր պարիսպներ, որոնցից պահպանվել են 2 մետր հաստությամբ ու մինչև 4-5 մ բարձրությամբ հատվածներ։ Ինչպես բոլոր ամրոցները, որ գտնվել են գետերի ափերին, այնպես էլ Արուճի բերդը, պարիսպներում ունեցել է գաղտնուղի, որն իջել է գետի վրա։
Ամրոցի հարևանությամբ է Արուճի Սուրբ Գրիգոր կաթողիկե-տաճարը՝ կառուցված 660-ականներին Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից։ Տաճարի հարավային կողմում նույն ժամանակ Իշխան Գրիգոր Մամիկոնյանը պալատ է կառուցել՝ տարբեր շինություններով ու գահասրահով, որն ունեցել է 6 սյուն։ Գահասրահից այժմ պահպանվել են պատերը, 2 խոյակ՝ որոնց չափերն են՝ երկարություն՝ 2.20մ, բարձրություն՝ 1 մ., լայնություն՝ 0,75մ, խոյողի տրամագիծը՝ 0,72մ։ Նման խոյակ կա նաև Դվինի հնավայրում: Գահասրահի հարևանությամբ մեկ այլ կիսավեր կառույց-եկեղեցի կա. ունեցել է քարե ամուր դուռ, որը պահպանվում է տեղում։
Արուճ գյուղի հարևանությամբ կիսավեր վիճակում կանգուն է նաև միջնադարյան քարավանատունը: 13-րդ դարում կառուցված այս քարավանատուն-հյուրանոց-իջևանատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինն իրար կապող ճանապարհին, որը նաև մեր երկրով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր:
Ինչ վերաբերում է Արուճի հարևան Շամիրամ գյուղում պահպանված ավելի վաղ շրջանի և ավելի մեծ տարածք զբաղեցնող ամրոցին, այն համեմատաբար լավ վիճակում է՝ երևացող պարիսպներով, դրանց հիմքերով, կառույցների հիմք-ավերակներով, աշտարակներով և այլն: Այս հնավայրում նույնպես կան 20-րդ դարում կառուցված շինություններ: Նույն ամրոցի պարիսպների, շինությունների քարերն օգտագործվել են նոր տներ և այլն կառուցելու նպատակով։ Ամրոցը գտնվում է գյուղի հարավարևմտյան հատվածում՝ 2 բավականին լայն ու խոր կիրճ-հեղեղատների ջրբաժան հրվանդանի վրա:
Այս օրերին Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում աշխատում է ISMEO-ի ներկայացուցիչ Ռոբերտո Դանի և ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Մելիքյանի համաղեկավարությամբ գործող արշավախումբը։ Ամրոցում հնագիտական աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականին: Ստուգողական աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 6 պաշտպանական պարիսպ՝ կառուցված բավականին մեծ ու մշակված տուֆ քարից: Ըստ հետազոտող գիտնականների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում։
Ռոբերտո Դանն ասաց՝ այստեղ հետագա դարերում նույնպես կառույցներ են հիմնվել: Այցի պահին պեղումներ էին իրականացնում ուրարտական շրջանի պայմանական 4-րդ աշտարակի տարածքում, որը 8, 5 մ չափերով քառակուսի կառույց է՝ բարձրությունը՝ մոտ 2, 5մ: Այս աշտարակի հյուսիսային պատին կից միջնադարում (9-13-րդ դարեր) նոր շինություն է ավելացել՝ ավելի նեղ, քան աշտարակն է: Իսկ աշտարակի վրա ավելի վաղ՝ մ․ թ․ 5-6-րդ դարերում են ինչ-որ սենյակ կառուցել։ Նույն հյուսիսային պատի այն հատվածում, որը չի ընկել միջնադարում կառուցված շինության մեջ, դուռ են ավելացրել, որը դեռ չի բացվել ամբողջովին: Պեղումների արդյունքում այս հատվածից գտնվել է բրոնզյա ձիասարքի հատված: Տարածքի պեղումներից գտնված նյութը պատկանում է միջին երկաթե դարին և ավելի ուշ շրջանների։
Ամրոցի տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ամենակարևոր բացահայտումը, ըստ հնագետների, 5-րդ պաշտպանական կառույցն է՝ պարիսպը, որն ունի 320 մ երկարություն, 3,5 մ լայնություն և կառուցվել է մոտ մ. թ. ա. 7-6-րդ դարերում։ Կարևոր են նաև 4 մեծ աշտարակները և որմ-պատերի հիմքերը, որ ձգվում են ձորապռնկով։
Այժմ ավելի մանրամասն են ուսումնասիրում հնավայրը, կատարում պեղումներ, որոնց մասնակից են նաև Կաքավաձոր գյուղի բնակիչներ: Շամիրամի դամբարանադաշտը գտնվում է գյուղի հարավարևմտյան կողմում՝ հեղեղատ-կիրճի ձախ ափամերձ տարածքում։ Այստեղ Վ․ Մելիքյանի ղեկավարությամբ սկսվել է 1 դամբարանի պեղումների աշխատանքը։ Բավականին մեծ տարածք է զբաղեցնում դամբարանադաշտը, որտեղ կան տասնյակ դամբարաններ՝ մշակված քարերով կլոր հիմքով կլոմլեխներով. որոշների մեջ պահպանվել են մենհիրները՝ ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր՝ նվիրված նախնյաց հիշատակին:
Դամբարանադաշտի տարածքում է Շամիրամ գյուղի գերեզմանոցը: Պեղումների այս տարվա աշխատանքները մոտ օրերս կավարտվեն՝ գիտական նոր բացահայտումներով:
Զոհրաբ Ըռքոյան