«Կա մի քանի սցենար, իսկ ամենավատ սցենարն այն է, որ լարվածությունը կարող է հասնել լայնածավալ պատերազմի, եթե միանան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, հատկապես, որ խոսվում էր այն մասին, թե Դիեգո Գարսիայից կարող են հարվածներ հասցվել Իրանին, ինչը կարող է ընդլայնել պատերազմի տարածաշրջանը»,- «Հայելի» ակումբում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտությանը:
«Չի բացառվում, որ բանը հասնի միջուկային կամ այլ զենքերի կիրառմանը: Այսօր էլ Իրանն օգտագործել է հզոր բալիստիկա: Վնասը, որ կողմերը հասցրել են իրար, շատ մեծ ծավալի է, եւ կարծես հետ կանգնել չկա, որ զրոյական արդյունքով խաղան, կողմերից մեկը պետք է պարտվի: Խամենեին հայտարարություն արեց, որ նույնիսկ իր մահից հետո հեղափոխական գվարդիան պատրաստ է շարունակել, այնպես որ ինձ չի թվում, թե Խամենեիի մահով կավարտեն պատերազմը: Բայց եթե նման բան պատահի, դա կարող է լարվածությունն ավելի բարձր մակարդակի հասցնել, եւ մենք պետք է միշտ մտածենք, թե դա ինչ կարող է մեզ համար նշանակել»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով, Իսրայելի համար միայն միջուկային զենքի խնդիր չէ, որ մասին Նեթանյահուն խոսում է 1996-ից: «Պարզ չէ ինչ է լինելու, եթե Միացյալ Նահանգներն ընդգրկվեն կռվի մեջ, ինչ հակախաղ ունի Իրանը, որտեղ են հարվածներ հասցնելու ամերիկյան եւ բրիտանական բազաները, որոնք Միջին Արեւելքում են գտնվում: Մեզ համար դա ինչ կարող է նշանակել, եթե ոչ միայն միջուկային զենքի մասին է խոսքը, այլ Իրանի ռեժիմի տրանսֆորմացիայի կամ նույնիսկ խոսք է գնում, որ նպատակ ունեն մասնատել Իրանը:
Այդտեղ պարզ է, որ կարող է այնպես ստացվի, որ նաեւ խոսք գնա այսպես կոչված Հարավային Ադրբեջանի մասին, ինչը մեզ համար շատ վատ սցենար կլինի: Բայց այս պահին դժվար է ասել, թե որ սցենարով է ամեն ինչ գնալու: Ես չեմ հավատում այն մասնագետների գնահատականներին, որ ասում են՝ միանշանակ այսպես է լինելու, որովհետեւ ամեն ինչ կախված է կողմերի պաշարներից: Մենք չգիտենք, թե ինչքան զենք կարող է կիրառել իրանական կողմը, նաեւ չգիտենք, թե ինչպիսին են զինամթերքի պաշարները Իսրայելում…
Կարդացեք նաև
Նաեւ կարեւոր է հասկանալ, թե ինչքանով ցավալի հարվածներ կարող են կողմերը միմյանց հասցնել, եւ որտեղ են պատրաստ կանգ առնել: Օրինակ, երեկ խոսում էի ծանոթիս հետ, որն ասում էր, թե Թել Ավիվը դատարկ է, եւ Իսրայելը շատ դժվար պահեր է ապրում: Եթե վերցնենք Իսրայելի ամբողջ պատմությունը, նման բան չի եղել, այդ երկիրը այսպիսի հարվածներ չի տեսել նույնիսկ 1967 եւ 1973թթ պատերազմների ժամանակ»,-փաստում է Արթուր Մարտիրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ