«Փաշինյանի համար մեկ բեւեռ կա, դեպի որը նա ընթանում է, դա՝ թյուրքական աշխարհի հետ ներդաշնակվելն է ու ինտեգրվելը, իբրեւ փաշինյանական «փառքի անհաս ճամփա» ընտրվել է Անկարան, որը հայկական ոչ թե խաչմերուկ, այլ փակուղի է, բայց Փաշինյանը երբեք կամովի հետ չի կանգնի իր այս մտասեւեռումից, ուստի պարզ է, որ միակողմանի զիջումների փաթեթներ է պատրաստել եւ հույս ունի, որ «անկոտրում» Իլհամին համոզելու համար իր օգտին կջանա «դիվանագետ» Ռեջեփ Թայիփը»,- «Առավոտի» զրուցակիցն է «Միասին շարժման» համակարգող խորհրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
– Եկեղեցու եւ եկեղեցականների դեմ Նիկոլ Փաշինյանի վերսկսած արշավը շատերը համարում են 2018-ի՝ «չարիքի հեղափոխության վերջին փուլը»։ Ի՞նչ գնահատականներ ունեք այն ամենին, ինչ-որ կատարվեց։ Էլ ի՞նչ դրսեւորումների ականատես կլինենք։
– Եկեղեցականների դեմ պայքարի վերսկսումն այսպիսի հարձակողական եւ վայրագ պոռթկումներով, իրավական, քաղաքական, բարոյական վարքականոնների կոպտագույն ոտնահարումներով, ըստ ամենայնի, նպատակ ունի վերացնել այն միակ կառույցը, որը համահայկական է եւ, ամենակարեւորը, համակարգային շարունակում է չենթարկվել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի օրակարգին ու «իրական Հայաստանի» օտարամուտ, «զրոյական կետի» գաղափարաբանությանը՝ շարունակելով պաշտպանել եւ առաջ մղել համահայկական խնդիրները, ազգային ինքնության պահպանումը, պատմական ժառանգության, հոգեւոր, սրբազան Հայաստանի արժեբանությունը։ Եկեղեցականների դեմ պայքարը խորքային մակարդակում ուղղակի պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ, որն, իհարկե, քողարկվում է Փաշինյանի նախընտրելի գործիքակազմով՝ Սուրբգրային մեջբերումներով, սաղմոսների կամայական վկայակոչումներով, կանոնագրքերին կատարվող տարերային հղումներով, որոնք նախատեսված են «ուղեղների մեծ լվացքին» ենթակա հանրության շերտերի համար։ Իմ դիտարկմամբ, սույն պայքարը ազգային պահպանողականության դեմ հասնում է իր վախճանակետին, որտեղ փոխզիջումներ այլեւս չեն կարող լինել՝ «կա՛մ, կա՛մ» է։ Հոգեւոր, սրբազան Հայաստանը չի կարող գոյակցել զրոյական կետի, միակողմանի զիջումների, հանապազօրյա հացի Հայաստանի հետ։
– Ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ եւ շուրջ կատարվողն ինչպե՞ս կբնութագրեք։ Սամվել Կարապետյանն այն գործիչներից չէ, որ հրապարակային է, սովոր չենք նրա կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ անընդհատ լսել, հետեւաբար, Եկեղեցու կողքին նրա հրապարակային կանգնելը ինչպե՞ս կմեկնաբանեք։
Կարդացեք նաև
– Իսկ իմ գնահատմամբ, Սամվել Կարապետյանը բավական հրապարակային գործիչ է, նա պարբերաբար հայտնել է իր դիրքորոշումը հանրային կյանքի մեծ հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ, նրա գործունեությունը Արցախի, Արցախյան ազատամարտի, Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող տնտեսական, սոցիալական հարցերի վերաբերյալ երբեք չի քողարկվել։ Ի տարբերություն շատ այլ գործարարների՝ նրա ազգային ինքնությունը չի ստորադասվել տարատեսակ նյութական բնազդներին, հարմարվողականությանը։ Պատահական չէ, որ իր ազգային նկարագրով հայտնի եւ դրա պատճառով այսօր Բաքվի բանտում ապօրինի դատավարության ընթացքում խոշտանգումների ենթարկվող խոշոր ձեռներեց եւ բարերար Ռուբեն Վարդանյանի՝ «մեղադրական» կոչվող հատորներում՝ իրականում մարդկության դեմ հանցագործություններ կատարած ալիեւյան վարչախմբի կեղծագրերում բազմաթիվ հիշատակություններ ու ամբաստանություններ կան Սամվել Կարապետյանի մասին։ Սամվել Կարապետյանն իր ազգանպաստ, հայակենտրոն վարքով գործել է նույն հարթության մեջ, եղել է նույն հոգեւոր բարձրագույն արժեքների կրողն ու պաշտպանը, ինչ տաղանդավոր գործարար, հայ մարդ, աշխարհի ու Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանը։
Հայ առաքելական եկեղեցու կողքին Սամվել Կարապետյանը միշտ է կանգնած եղել, ուստի առավել քան անբնական ու անհասկանալի կլիներ, եթե նա լռեր այս իրադրության մեջ՝ վախենալով թիրախավորվելուց, կալանավորվելուց կամ ինչ-ինչ բիզնես վնասեր կրելուց։ Համոզված եմ աներկբա, որ ազատության մեջ գտնվելու պարագայում իր ձայնն ի պաշտպանություն մեր հավատքի հիմնասյուների ու Հոգեւոր Հայաստանի միաժամանակյա բարձրացնելու էր նաեւ հայրենատիրությամբ հայտնի Ռուբեն Վարդանյանը։ Տեսակների պայքար է։
– Իրան-Իսրայել պատերազմով տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերն են կոնկրետ բախվում. հնարավոր ի՞նչ հանգուցալուծումներ եք տեսնում։ Ի՞նչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը, որի ղեկավարությունը այս կրակների մեջ զբաղված է այլոց, թեկուզ կուսակրոն եկեղեցականների անկողիններ մտնելով։
– Իրոք, ոչ միայն ներազգային բարդագույն իրավիճակում ենք, այլեւ աշխարհաքաղաքական կենտրոնների ուժերի վերաբաշխման կիզակետում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսյալ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ սկսեց եւ ապա ավարտին հասցրեց Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքների զավթումը, ակնհայտ էր, որ Իրանի շուրջ օղակը սեղմվում էր։ Իրան-Իսրայել այս պատերազմի հետեւանքով ուժերի նոր վերադասավորումներ են կատարվելու, եւ աշխարհաքաղաքական այս մեծ վերաձեւումներում Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջեւ է, իսկ թյուրքական աշխարհի հետ ներդաշնակ ու երջանիկ գոյակցելու Փաշինյանի ձգտումը իրական հիմքերից զուրկ է, բայց այլ առանցքների, հին եւ նոր գործընկերների ու հնարավոր դաշնակիցների հետ դիվանագիտական, քաղաքական արդյունավետ աշխատանք, ավաղ, չի տարվում։ Այսպիսի աչառու միաբեւեռ, տապարով տաշած արտաքին քաղաքականություն, որը վտանգում է Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանի ոչ մի իշխանություն դեռեւս չէր վարել։ Մեր հայրենակիցներին անվտանգ Հայաստան բերելու համակարգային ծրագրերի արագ մշակման ու իրականացման փոխարեն, ՀՀ ներկայիս վերնախավը կուսակրոնության ուխտի վերաբերյալ բացարձակ անհեթեթ խոսույթ է բորբոքում՝ կարծես արդարացնելու համար իր անգործունեությունը կամ առավել վատթար՝ օտարների կողմից կրավորական կեցվածքով ուղղորդվելը։
– Արդեն հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն ամսի 20-ին մեկնելու է Թուրքիա։ Որոշակի արտահոսքեր էլ կան, ոչ պաշտոնական, հնարավոր բանակցությունների մասին։ Ի՞նչ նոր արհավիրքների սպասել այս այցի արդյունքում։
– Արդեն նշեցի, որ Փաշինյանի համար մեկ բեւեռ կա, դեպի որը նա ընթանում է, դա՝ թյուրքական աշխարհի հետ ներդաշնակվելն է ու ինտեգրվելը, իբրեւ փաշինյանական «փառքի անհաս ճամփա» ընտրվել է Անկարան, որը հայկական ոչ թե խաչմերուկ, այլ փակուղի է, բայց Փաշինյանը երբեք կամովի հետ չի կանգնի իր այս մտասեւեռումից, ուստի պարզ է, որ միակողմանի զիջումների փաթեթներ է պատրաստել եւ հույս ունի, որ «անկոտրում» Իլհամին համոզելու համար իր օգտին կջանա «դիվանագետ» Ռեջեփ Թայիփը։ Հետեւաբար անհրաժեշտ է ամրագրել, որ առանց հանրաքվե անցկացնելու Հայաստանի ինքնիշխան տարածքների որեւէ հաջորդական փոփոխություն, նախորդների հետ մեկտեղ, «սահմանազատում-սահմանագծում», թե «ճանապարհների ապաշրջափակում» անմեղ անունների ներքո, չի կարող իրավական ուժ ունենալ, բացարձակ հակասահմանադրական է։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2025