Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար-ապրիլին կնքված բնակարանային գործարքների 44%-ը կնքվել է մայրաքաղաքում

Հունիս 20,2025 13:30

2025 թվականի հունվար-ապրիլին ՀՀ-ում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 55,8%-ը պատկանում է անշարժ գույքի ոլորտին։ Այս մասին «Առավոտը» տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Շինարարության խոշորագույն երկրորդ ծավալը գրանցվել է կրթական ոլորտում։ Այստեղ ծավալն ավելի քան հինգուկես անգամ պակաս է անշարժ գույքի ոլորտում գրանցված ծավալից։

Բայց սկսենք սկզբից. ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 116 մլրդ 584 մլն 400 հզր ՀՀ դրամ։

Վիճակագրական կոմիտեն շինարարության իրականացման 19 ոլորտ է առանձնացնում։ Խոշորագույն անշարժ գույքի ոլորտում իրականացված շինարարության ծավալը կազմել է  65 մլրդ 14 մլն 400 հզր ՀՀ դրամ՝ 55,8%:

Իսկ կրթական ոլորտում շինարարության ծավալը 11 մլրդ 157 մլն 300 հզր ՀՀ դրամ է՝ 9,6%:

Խոշոր ծավալով երրորդ հորիզոնականը էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտն է զբաղեցնում։ Այստեղ ծավալը 7 մլրդ 861 մլն 500 հզր ՀՀ դրամ է՝ ամբողջի 6,7%-ը։

Ապրիլին Երեւանում կնքվել է 4.209 բնակարանային գործարք

Այսպիսով, շինարարության ծավալով գերակա ոլորտը անշարժ գույքի գործունեությունն է։ Իհարկե, սա կարող է դիտվել որպես տնտեսական զարգացման, նոր ընտանիքների ձեւավորման, մասնավոր ընկերությունների հիմնման ցուցիչ, սակայն մտահոգիչ է, որ անշարժ գույքի հետ կապված երեւանյան ծավալը գերակայություն ունի հանրապետության մյուս բոլոր բնակավայրերի նկատմամբ։

2025 թվականի ապրիլին Հայաստանում բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ բնակելի տների հետ կապված 9.406 գործարք է կնքվել, որից 4.209-ը՝ 44,7%-ը, կնքվել է մայրաքաղաքում։

2.358 գործարք՝ 9.406 գործարքների քառորդ մասը, կնքվել է Հայաստանի այլ քաղաքներում։ Գյուղերում անշարժ գույքի հետ կապված 2.839 գործարք է կնքվել։ Այն ընդհանուրի 30,2%-ն է։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ապրիլին 29.743 քկմ Հայաստանի տարածքի մայրաքաղաք Երեւանի 223 քկմ տարածքի (0,75%) վրա են կնքվել մեր երկրի բնակարանների գործարքների գրեթե 45%-ը։

Մայիսի 1-ի դրությամբ 14.541 գործարք է կնքվել Երեւանում

Տպավորություն կարող է առաջանալ, որ սա մեկ ամսվա ցուցանիշ է, կտրված երկարաժամկետ պատկերից։ Սակայն երեւանյան գերակայության ավելի պերճախոս պատկեր ենք ստանում, երբ ապրիլ ամսվա հետ մեկտեղ դիտարկում ենք ընթացիկ տարվա հունվար, փետրվար եւ մարտ ամիսները։

Հունվարին կնքված բնակարանային 6.786 գործարքներից 2.838-ը՝ 41,8%-ը, կնքվել է Երեւանում: Փետրվարին կնքված բնակարանային 8.562 գործարքներից 3.905-ը՝ 45,6%-ը, կնքվել է Երեւանում։ Մարտին կնքված բնակարանային 8.600 գործարքներից 3.589-ը՝ 41,7%-ը, կնքվել է Երեւանում։

Այսինքն, այս տարվա մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում կնքված 33.354 բնակարանային գործարքներից 14.541-ը (43,6%) կնքվել է Երեւանում։

Հակափաստարկ կարող է առաջ քաշվել, ըստ որի՝ Երեւանի գերակայությունը բնական է, քանի որ Հայաստանի 3.081.100 բնակիչներից 1.142.400 բնակիչ՝ բնակչության 37%-ը, բնակվում է այս քաղաքում։ Սա լիարժեքաբար բացատրում է խնդրի էությունը, սակայն զուտ վիճակագրական տեսանկյունից։

Մակերեսից ներքեւ անցնենք։ Որքանո՞վ է բնական, որ բնակչության 37%-ն ապրում է մեր պետության տարածքի 0,75%-ի վրա։

Սա պարզապես խնդիր չէ։ Սա հիմնախնդիր է։ Այն ունի բավականին խոր արմատներ։ Երեւանն առայժմ շարունակում է կլանել ամբողջ հանրապետությանը։ Տրամաբանությունը հուշում է, որ այս իրողությունը իբրեւ լրջագույն մարտահրավեր պետք է ընկալվեր անվտանգային սպառնալիքների առջեւ կանգնած սահմանափակ ռեսուրսների տիրապետող պետության համար։

Վիճակագրությունը կանգնում է ապացուցելու, որ համաչափ զարգացման պետական ծրագրերը չեն տալիս բավարարող արդյունքներ։

Եթե ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է Երեւանով, բավարարվե՞նք Երեւանի Հանրապետությամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30