Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի ճամփան

Հունիս 20,2025 12:30

Մեր գյուղի տներն ու ճանապարհները իրար շատ նման էին։ Ճանապարհների եզրերին խոշոր քարեր էին, որոնց վրա անցնելուց նստում շունչ էին առնում գյուղիս հասակավորները։ Փայտե պատշգամբը, բակի թթենին, բակում դարսած, պատնեշ հիշեցնող վառելափայտի, դեպի վեր ելնող շարքերը, բոլոր տներում կտեսնեիր։ Դարպասների զարդերն էլ ասես նույն դարբնի կռածը լինեին։ Դրանց գույներով էինք տներն իրարից տարբերում։

Կար մի ճանապարհ, որ գյուղի ամենասառն աղբյուր՝ «Երե Ճուր» էր տանում, մեր տան ետնամասով էր անցնում։ «Ջրի ճամփա» էինք ասում։ Քարքարոտ էր, բայց համեմատաբար կարճ էր, դրա համար էդտեղով էինք, քարերն ու դարպասները հաշվելով, գնում ջրի։ Քարերի հաշիվը կորցնում էինք, բայց դարպասների թիվը կորցնել հնարավոր չէր։ Չորրորդ դարպասի մոտ մի մեծ քար կար։ Կանգնում էինք, երգ ու նվագ լսելու։ Հաջորդ կանգնելու տեղը, ճանապարհին եղած, վայրի մոշի ամենամեծ թուփն էր։ Հասած թե խակ՝ ուտում էինք։ Գնում էինք աջ ու ձախ նայելով։ Ճանապարհին հանդիպած տատիկների ձեռքից իրենց ջրամաններն էլ էինք վերցնում, ու ասում, որ քարին նստեն, սպասեն, մենք կբերենք ջուրը։ Առատորեն օրհնվում էինք դրա համար՝ «Աստուծ պահե ծեզ»։

Աղբյուր էինք հասնում, հերթ կանգնում, ամանները լցնում։ Հետ գալուց մենակ ձախ էինք նայում, որ մեր տան տեղը չկորցնեինք։ Վերադարձի մեր կանգնելու, հանգիստներս առնելու տեղը մեկն էր՝ մեծ քարի մոտ։ Էն երգն ու նվագն էինք լսում, մինչեւ մեր տուն հասնելը լսում էինք։ Իր տան մեջ միշտ նվագում էր գյուղի անհավանական բարի մարդկանցից մեկը՝ Տեմբոն։ Էդպես էին իրեն ասում։ Լուռ ու բարի մի մարդ էր։ Նվագում էր գյուղացիների բոլոր ուրախ առիթներին, ու պահում ընտանիքը։ Ապրուստը ծայրաստիճան համեստ էր՝ մի տուն, մի ափի չափ հող, մի քանի գլուխ անասուն։ Ապրում էր ու ապրեցնում իր երգն ու նվագը, մտքում, երեւի, ավելի լավ օրվան սպասելով։ Հիմա, արդեն կանգ է առել նրա ու շատերիս երազը, չի սլանում վերեւ, որովհետեւ չկա գյուղի երկինքը։ Էլ չկա Տեմբոն, չկա նրա նվագը։ Կա միայն մեր քնած գյուղը։

Մեր Ջրի ճամփան էլ երեւի մացառներով է պատվել: Քայլող չունի։

Կարդացեք նաև
Դու ճախրիր
Ծմակի ձայները

Էն ջրի ճամփան: Էն չորրորդ դարպասը: Էն երգն ու նվագը:

Էն մեծ քարը…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
19.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30