Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա կա՞. առցանց եւ անցանց եղանակներով իրականացվել են հարցումներ՝ Տավուշի մարզում

Հունիս 20,2025 13:00

Ներկայացնում ենք օրեր առաջ լույս տեսած «Գիտական Արցախ» պարբերականում տպագրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ «Միգրացիայի հիմնախնդիրը ՀՀ-ում, մասնավորապես, «սահմանազատված» Տավուշի մարզում» ուսումնասիրությունից մի հատված:

Տավուշի մարզի մշտական բնակչության հակիրճ նկարագիրը եւ հարցաթերթերով անցկացված հետազոտության արդյունքները

Տավուշի մարզի մշտական բնակչության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարզի բնակչության թվաքանակը նվազման միտում է արձանագրել 2017 թվականից սկսած։ Նախապատերազմյան շրջանում՝ 2019 թվականին, Տավուշի մարզի մշտական բնակչության թիվը կազմել է 122.5 հազար մարդ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ին՝ 2019 թվականի համեմատ նվազել է 4%-ով եւ կազմել 116.5 հազար մարդ։ Հաշվի առնելով, որ հետազոտության հիմնական նպատակը Տավուշի մարզի բնակչության միգրացիոն հակվածության ուսումնասիրությունն է՝ պայմանավորված 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպման արդյունքներով (ՀՀ ԱԳՆ, 2024), իսկ Տավուշի մարզի բնակչության տեղաշարժերի վարչական գրանցումների վերաբերյալ 2024 թվականի դրությամբ տեղեկատվություն առկա չէ, նախապես մշակված հարցաթերթերով առցանց եւ անցանց եղանակներով իրականացվել են հարցումներ՝ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի բնակիչների շրջանում։

Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է 3840 մարդ` 65%-ը կամ 2496 մարդ իգական սեռի ներկայացուցիչ, իսկ 35%-ը կամ 1344 մարդ՝ արական։

Ըստ ընտանիքի անդամների թվի՝ հարցվածների 69%-ն ունեին չորսից յոթ հոգանոց ընտանիքներ, 24%-ը՝ մեկից երեք, իսկ մնացած 7%-ը՝ ութ եւ ավելի: Համաձայն գծապատկեր 2-ի` կարելի է արձանագրել, որ հարցման մասնակիցների 57%-ը կամ 2189 մարդ ունի հիմնական աշխատանք։ Մնացած 43%-ն ապահովված չէ հիմնական աշխատանքով։ Հետազոտության շրջանակում ընտրվել են որոշ հարցեր՝ հասկանալու համար Տավուշի մարզում ապրող մեր հայրենակիցների մտադրությունները եւ մտահոգությունները՝ կապված ապագայի հետ։ Խնդիրն առավել խորքային ընկալելու համար հարցվողների շրջանում փորձ է արվել պարզելու, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ, կամ ինչ ոլորտներ ունեն բարեկարգման կարիք՝ Տավուշում ապրելու համար՝ հնարավորություն ընձեռելով ընտրել մի քանի տարբերակ։ Հարցման մասնակիցների 85%-ը, որպես հիմնական պայման մարզում բնակվելու համար, նշել է անվտանգությունը։ Պետք է նշել, որ, համաձայն հարցման արդյունքների, հիմնականում անվտանգության հետ կապված մտավախությունները բնակչության մոտ բազմապատկվել են Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումների հետեւանքով։ Միեւնույն ժամանակ, հարցվածների 51%-ը նաեւ կարեւորել է աշխատանքով ապահովվածությունը։ Շատ կարեւոր է այս համատեքստում պետության գործուն քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով տնտեսական միգրացիայի կայծակնային աճի տեմպերը ողջ աշխարհում։ Համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների բանկի գործազրկության մակարդակի ցուցանիշների՝ 2019-2023 թվականներին Տավուշի մարզի գործազրկության մակարդակը միջինում կազմել է 22%, իսկ 2023 թվականին 23.3%` 2.6 տոկոսային կետով ավելի բարձր 2022 թվականի ցուցանիշից (ՀՀ ԱՎԿ տվյալների բանկ)։

Հարցվածները իրենց պատասխաններում նաեւ շատ կարեւորել են դպրոցական եւ նախադպրոցական ոլորտի բարելավումը, այս խնդիրը համատարած բնույթ է կրում ոչ միայն Տավուշի մարզում, այլեւ նաեւ ՀՀ մնացած մարզերում։ Նշենք, որ, որպես մարզում ապրելու նախապայման, այս ոլորտին կարեւորություն է տվել հարցվածների 30%-ը։ Հաշվի առնելով բնակիչների՝ այս հարցի վերաբերյալ այսքան մեծ հնչեղությունը՝ ուսումնասիրվել է Տավուշի մարզի դպրոցների շենքային պայմանների պաշտոնական վիճակագրությունը։ Այսպիսով՝ ըստ ՀՀ ԱՎԿ տվյալների բանկի հանրակրթական հաստատությունների ցուցանիշների՝ 2023 թվականի դրությամբ Տավուշի մարզի 82 դպրոցներից 23-ը ենթակա է հիմնանորոգման, իսկ 22-ը՝ ընթացիկ նորոգման (ՀՀ ԱՎԿ տվյալների բանկ)։ Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ մարզի դպրոցների 55%-ը ենթակա է հիմնանորոգման կամ ընթացիկ նորոգման։

Հետազոտության մասնակիցները նաեւ պատասխանել են այն հարցին, թե որքանով են անվտանգ զգում Տավուշում։ Հարցման մասնակիցների 25%-ը նշել է, որ բացարձակ անվտանգ չի զգում Տավուշում, իսկ 40%-ը նշել է, որ ունի միջին եւ ցածր անվտանգության ապահովվածության զգացում։ Պետք է նաեւ նշել, որ հարցման մասնակիցների 35%-ը պատասխանել են, որ բացարձակ անվտանգ են զգում՝ ապրելով Տավուշի մարզում։ Անկախ հարցի վերլուծության արդյունքում ունեցած պատկերի՝ Տավուշում ապրողների մեծամասնությունը չեն պատրաստվում լքել մարզը: «Տավուշը լքելու պարագայում որտե՞ղ եք պատկերացնում Ձեր ապագան» հարցին պատասխանելով՝ հարցվածների 71%-ը նշել է, որ չի լքելու Տավուշը, մինչդեռ, 12%-ը իր ապագան պատկերացնում է ՀՀ այլ մարզում կամ մայրաքաղաք Երեւանում, 9%-ը` Ռուսաստանում, 7%-ը՝ եվրոպական երկրներում եւ 4%-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն՝ հարցվածների 29%-ն ունի միգրացիոն հակվածություն։

Տավուշի մարզի միգրացիոն խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բնակչության միգրացիոն հակվածության հիմնական ազդակները պայմանավորված են ինչպես անվտանգային հարցերով, այնպես էլ սոցիալ-տնտեսական մարտահրավերներով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Տավուշի մարզի տեղաշարժերի վարչական գրանցումների մնացորդները, 2020 թվականից սկսած, եղել են բացասական։ Ավելին՝ հաշվառումից հանվածների առավելագույն ցուցանիշները արձանագրվել են 2020 եւ 2021 թվականներին՝ համապատասխանաբար կազմելով 1825 եւ 1925 մարդ։ Մարզի տեղաշարժերի վարչական գրանցումների մնացորդը եղել է դրական 2023 թվականին՝ կազմելով 1901 մարդ, մինչդեռ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 2135 մարդ հանգրվանել է Տավուշի մարզում։

Այսինքն՝ այլ հավասար պայմաններում չի բացառվում, որ ցուցանիշը 2023 թվականին նույնպես եղել է բացասական։

Իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի հետագա բարեկեցիկ ապագայի համար բնակիչների 85%-ը առաջնահերթություն է տալիս անվտանգության ապահովմանը, ինչը կապված է նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացներով։ Մինչդեռ հարցվածների 51%-ը կարեւորում է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Տավուշում գործազրկության մակարդակը 2023 թվականին կազմել է 23.3%, ինչը 2.6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա համեմատ։ Բացի այդ, կրթական համակարգի խնդիրները եւս կարող են դառնալ միգրացիայի դիմելու պատճառ. մարզի դպրոցների 55%-ը ենթակա է հիմնանորոգման կամ ընթացիկ նորոգման, ինչը կարող է միգրացիայի պատճառ դառնալ հատկապես երիտասարդ ընտանիքների համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդ բնակչության զգալի մասը հեռանում է մարզից՝ կրթություն ստանալու եւ ավելի լավ աշխատանքային հեռանկարներ գտնելու նպատակով։ Այս գործընթացը հանգեցնում է նաեւ ժողովրդագրական խնդիրների՝ երիտասարդ ու աշխատունակ բնակչության կորստով։

Չնայած այս մարտահրավերներին՝ հարցման մասնակիցների 71%-ը նշել է, որ չի պատրաստվում լքել Տավուշը, ինչը վկայում է բնակչության՝ հայրենի բնակավայրի նկատմամբ ունեցած մեծ կապվածության մասին, մինչդեռ, հարցվածների 29%-ը ունի միգրացիոն հակվածություն. մեծամասնությունը նախընտրում է տեղափոխվել ՀՀ այլ մարզեր կամ Երաան։

«Առավոտ» օրաթերթ
19.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30