Երեւանում ընթանում է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը: Այդ առիթով Հայաստան են ժամանել Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան, Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Միջոցառման 4 չորս պանելային քննարկումների շրջանակում բանախոսները կխոսեն սոցիալական արդարության ամրապնդման գործում մարդկային եղբայրության գաղափարի, արդար և ներառական աշխատաշուկայում գլոբալ գործընկերությունների, արհեստական բանականության դերի, խոցելի խմբերի հզորացման և մի շարք այլ թեմաների մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ի թիվս այլնի նշեց, որ առանց մարդկային եղբայրության գաղափարի՝ անհնար է հասնել սոցիալական արդարության: Հավելեց, որ Հայաստանը մարդասիրական ոգով աջակցում է օտարերկրյա փախստականներին եւ ապաստան փնտրող անձանց, ապահովելով կացությամբ՝ հնարավորություն ընձեռելով առողջապահական, կրթական եւ այլ ծառայությունների հասանելիության: Նախարարը խոսեց նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումից:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց,, որ արդեն երրորդ անգամ են երկրները համախմբվում սոցիալական արդարության եւ արժանապատիվ աշխատանքի գաղափարի շուրջ: Նա հույս հայտնեց, որ այս հանդիպումը կմեծացնի փոխադարձ ըմբռնումը, կխթանի այն քաղաքականությունների ձեւավորումը, որոնք իրական արժեք են հաղորդում մարդկանց կյանքին:
Կարդացեք նաև
Ելույթներ ունեցան նաեւ ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ