Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապայմաններ, որ նպատակ ունեն ստիպել Հայաստանին անել զիջումներ, որոնք մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից. Վարուժան Գեղամյան

Հունիս 20,2025 12:04

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող ն. փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։

Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։

Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները նոր չեն, բնավ։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականություն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։

Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։

Եվ այսպես, Հայաստանը պետք է.

◾Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,

◾Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,

◾Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (« Զանգեզուրի միջանցք»),

◾Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ),

◾Փակի Մեծամորի ատոմակայանը,

◾Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր),

◾Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,

◾Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,

◾Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան,

◾Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

◾Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։

Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։

Պետք է նաև ասել, որ այս պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որպեսզի ժողովուրդը խճճվի, չհասկանա ու չդիմադրի։

Հիշե՛ք այս ցանկը։ Տարածե՛ք։ Պայքարե՛նք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30