Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն փակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» եւ մի շարք այլ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

Հունիս 20,2025 12:08

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները:

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ  8088/05) խումբ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթը։ Այս խումբ գործերի շրջանակում, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու խախտում:

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով՝ «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36469/08) արձանագրել էր կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով: Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը ևս՝  դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության կողմից նախաձեռնված ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև՝ կառավարության կողմից փոխհատուցման ինստիտուտի կիրառման առնչությամբ ներկայացված ներպետական դատական պրակտիկան:

Փակված վարույթների շարքում է նաև «Դ.Ս.-ն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 82348/17) գործը, որի առնչությամբ Նախարարների կոմիտեին ներկայացված գործողությունների հաշվետվության շրջանակում կառավարությունը ներկայացրել էր հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք սահմանվել են 2024թ.-ի նոյեմբերի 24-ին ընդունված «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30