Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

Հունիս 20,2025 13:45

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունից։ Ծրագրով առաջարկվում է որպես վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներ դիտարկել՝
խոջ
1) քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները,

2) սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը,

3) գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները,

4) մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները,

5) կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։

Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես, նշված ոլորտներում առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից հարթակի միջոցով պետք է ներկայացվի ծրագրային առաջարկ։ Ծրագրի տևողությունն առաջարկվում է սահմանել 3-12 ամիս։ Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար առաջարկվում է գործատուին տրամադրել 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Օրական 3500 դրամի դեպքում, հաշվի առնելով աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարների չափերը, ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 73000 դրամ։

Նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը: Նախագծով նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացումը։ Նախարարը նաև հավելել է, որ նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին:

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն՝ «Թումո» կենտրոնների գործունեության ընդլայնման և այս պահին առկա իրավիճակի մասին. «Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում: Մասնավորապես՝ Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփերով և այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում: Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոն՝ կից 10 տուփերով, ամեն շաբաթ այցելում է 3300 երեխա: Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը և կից 3 տուփերը, ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների, երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ: Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփերով, ամեն շաբաթ հաճախում են շուրջ 1000 երեխաներ: Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն: Այս նոր ստեղծված հնարավորությունը կընդլայնի երեխաներին ընդունելու հնարավորությունները և ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել: Կից գործում են նաև 3 տուփեր Վայոց ձորի տարբեր բնակավայրերում՝ ամեն շաբաթ շուրջ 800 երեխաներ ընդգրկելով: Ամենաառաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երևանում «Թումո Երևանը»՝ 4 կից տուփերով, ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12200 ուսանողներ: Գիտեք, որ «Թումո»-ն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում. հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում «Թումո»-ի բացման մեկնարկի արարողությունն էր»:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է և այս մոդելը մրցունակ է աշխարհում: «Մեր երկրում ունենք նաև «ՔՈԱՖ» կենտրոններ, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում՝ 54 բնակավայրերից: Բացի այդ, գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին ունենք 1044 խմբակ՝ շուրջ 16000 հաճախող երեխաներով: Սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են, և սա նաև կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

Հաստատվել է Ռազմական կարիքների համար հատուկ ԳՀՓԿԱ իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից ԳՀՓԿԱ գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և կատարման իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Կարգով տեղական ռազմարդյունաբերության մեջ առաջին անգամ ներդրվել է տեխնոլոգիական պատրաստիության մակարդակի մոդելը, որը կհստակեցնի թե տեխնոլոգիական պատրաստիության որ մակարդակում է ի սկզբանե գտնվում աշխատանքը և տվյալ հայտով մինչև որ մակարդակ է այն հասցվելու։ Սահմանվել են յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմնի դերը, դիմումին և այլ փաստաթղթերին անդրադառնալու հստակ ժամկետները, ինչպես նաև ԳՀՓԿԱ արդյունքում ստեղծված գույքի տնօրինման ուղղությունները։

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ-ում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձարկումը նորմատիվ իրավական մակարդակում սահմանված չէ, օգտագործվում են պայմանագրային և ազգային ստանդարտի կարգավորումներ, չկան հստակ ձևաչափեր, սահմանված չեն գործընթացների ժամկետները, կոնկրետ պատասխանատու պետական մարմինները, նրանց գործողությունները, ժամկետները։ Որոշմամբ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից այդ ապրանքների փորձարկումների ամբողջ գործընթացի ձևավորման և այդ իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Ըստ այդմ՝ ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի հստակ պատկերացում ունենալ գործընթացների և դրանց համար սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ, միաժամանակ կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական մարմնի կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։

 

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն, Մարտունու Ս․ Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի տանիքի մասնակի նորոգման ՆՆՓ: Շինարարական աշխատանքների համար կհատկացվի 392,539.6 հազար դրամ՝ Երևանի հ․8 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի կառուցման ծավալների ավելացում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում արևմտյան աստիճանավանդակի հատվածում վերելակի տեղադրման աշխատանքներ, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի շենքի տանիքի, հուշ–տնակի նորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալների ավելացում, Թվով 5 մանկապարտեզում մսուրային խմբերի ձևավորման համար նախատեսված տարածքների նորոգում (Երևանի թիվ 56 մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Ժպիտ» մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Հուսո առագաստ» մսուր–մանկապարտեզ, Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ և Վանաձորի թիվ 31 մանկապարտեզ): Անհրաժեշտ գույք ձեռք կբերվի հետևյալ հաստատությունների համար՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, Երևանի հ.91 հիմնական դպրոց, Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց, Մարտունու Մ․Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոց, Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց:

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է Գրքի երևանյան փառատոնը տանել նաև մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում: Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոններ անցկացնելու կարևորությունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակութային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառատոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության և կրթության տարածմանը՝ ապահովելով մարդկանց հասանելիություն ժամանակակից գրականությանը։

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա, 2023 թ.՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թ.՝ 300 տոննա, 2021 թ.՝ 300 տոննա, 2022 թ.՝ 600 տոննա, 2023 թ.՝ 600 տոննա, 2024 թ.՝ 679 տոննա, 2025 թ.՝ 314 տոննա մինչև հունիսի 1-ը): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ ՀՀ-ում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ըստ հիմնավորման՝ բյուջեով հաստատված Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով, որպես շրջանառու միջոց, տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը իրացնող տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ-ում իրացման յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամի չափով։

Որոշմամբ՝ ծրագիր 1-ի և 2-ի իրականացման նպատակով հատկացվում է 150 մլն դրամ՝ վերաբաշխման միջոցով։ Ծրագիր 1-ի դեպքում՝ ինն ամսվա համար հատկացվում է 25 մլն դրամ, տարեկան նախագծի շրջանակներում ՝ 50 մլն դրամ։ Ծրագիր 2-ի դեպքում ՝ կիսամյակի համար նախագծի շրջանակներում հատկացվում է 35 մլն դրամ, ինն ամսվա համար՝ 65 մլն դրամ, տարեկան՝ 100 մլն դրամ։

Հաշվի առնելով, որ ծրագրերը պիլոտային ծրագրեր են, և Ծրագիր 1-ի դեպքում վարկի մայր գումարի մարումներից կախված հնարավոր է վարկի տոկոսադրույքի արժեքային փոփոխություններ՝ ելնելով վարկի սուբսիդավորման համար նախատեսված 50 մլն դրամ բյուջեից, նախնական գնահատմամբ հաշվարկվել է 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր գումարով վարկի տրամադրում։ Ծրագիր 2-ի դեպքում հաշվարկվել է 10,000 տոննա սեփական արտադրության թիրախային ապրանքի իրացում։

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։

Գործադիրն ընդունել է որոշում՝ մի շարք ապրանքների (երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների), դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով։ Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Այս կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։ Այս գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով:

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել և իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ տրանսպորտի թվային ոլորտի ծառայությունների transport.e-gov.am հարթակում։ Թույլտվության տրամադրման գործընթացում բեռնափոխադրողի պարտականությունները սահմանափակվում են անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակ մուտքագրելով։ Արդյունքում, մասնավորապես՝ կկրճատվեն թույլտվությունների տրամադրման համար նախատեսված ժամկետները, նախկին կանոնակարգման 5-ից 15 օրյա ժամկետները կրճատվում են մինչև 3 օր, էլեկտրոնային տարբերակով կձևավորվի այդ բեռների փոխադրումների շտեմարան, որը հասանելի կդառնա բոլոր շահագրգիռ մարմիններին։

Օրենսդրական նախաձեռնություններ. կհստակեցվեն ՀՀ չափումների միասնականության ապահովման բնագավառում համապատասխան կարգավորումները

Գործադիրը հավանություն է տվել ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման բնագավառում համապատասխան կարգավորումների հստակեցում, բնագավառի արդիականացում: Օրինագծով նախատեսվել են՝ օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» OIML V 1 և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» OIML V 2-200 բառարաններով սահմանված հասկացություններին ներդաշնակեցված հասկացություններ, չափածրարված արտադրանքի նկատմամբ չափագիտական և դրանց շուկայահանման պահանջներ, որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական և դրանց շուկայահանման պահանջներ, ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները և դրանց շուկայահանման կարգը, չափագիտության ազգային մարմնին աջակցող և ոլորտի փորձագետներից կազմված չափագիտության խորհրդի պահանջ։ Խորհուրդն իրականացնելու է, մասնավորապես, հետևյալ գործառույթները՝ ՀՀ չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման փորձագիտական եզրակացությունների տրամադրում, չափագիտության ոլորտի զարգացման, արդիականացման, չափագիտական կարիքների բացահայտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և այլ գործառույթներ:

Կառավարությունը հավանություն է տվել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի համար նախատեսել պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց և պատասխանատվություն՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։ Միաժամանակ, առաջարկվում է նշված օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026թ․ մարտի 1-ը։

Հավանություն է տրվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին. նոր կարգավորումները հստակեցում են մտցնում գործող օրենքի որոշ դրույթներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Փոփոխություններն ուղղված են նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների պարզեցմանը՝ ստեղծելով առավել հստակ և միանշանակ կանոններ: Մասնավորապես՝ հստակեցվում է, որ պատվիրատուն չի կարող փոխել կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան, իսկ բնութագրերին (տեխնիկական բնութագիր, մատակարարման և վճարման պայմաններ) ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերը և կարգը կսահմանի Կառավարությունը: Նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումները պետք է ներկայացնի բանկային երաշխիքի ձևով, ապա դրանց ներկայացման համար նախատեսվող ժամկետը պատվիրատուն ի սկզբանե նախատեսում է հրավերով, որը չի կարող պակաս լինել 10 օրից: Գործող կարգավորմամբ ժամկետը սահմանված է 10 օր:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տրվել 2023 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով կողմերը ստեղծում են ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննությունների մարմինների ղեկավարների միջպետական խորհուրդ: Խորհուրդը ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին է, որն իր իրավասությունների շրջանակում ապահովում է ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցության կազմակերպումն ու համակարգումը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հետ դատափորձագիտական ոլորտում մասնագիտական համագործակցությունը։ Համաձայնագրով կողմերից յուրաքանչյուրը նշանակում է պետական իրավասու մարմին, որը պատասխանատու է համաձայնագրի դրույթների իրականացման և դատափորձագիտական ազգային մարմինների միջև համագործակցության համակարգման համար:

Հավանություն է տրվել «Քաղաքացիական նավաշինության և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում առկա չէ որպես այդպիսին՝ նավաշինական արդյունաբերական ճյուղ, սակայն, Էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ համաձայնագիրը դրական դեր կխաղա ԱՊՀ մասնակից պետությունների նավաշինական ձեռնարկությունների հետ համագործակցության համար կոոպերացիոն մատակարարումների տեսանկյունից, տրամադրելով վերջիններիս նավաշինության մեջ օգտագործվող էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ։ Համաձայնագիրը միտված է տվյալ ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների ձեռնարկությունների միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը: Համաձայնագրի շրջանակում ենթադրվում է կողմերի քաղաքացիական նավաշինության և նավերի սարքավորումների բաղադրիչների արտադրության ոլորտի զարգացման նպատակով համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Գումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը և «YAN-IAN» միջազգային մշակութային փառատոնը անցկացնելու համար

Հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում: Կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով, պահուստային ֆոնդից «Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը հատկացնել 37,830.0 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտնականների, ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառման կազմակերպումը նպատակահարմար կլինի Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու տեսանկյունից:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի «YAN-IAN» միջազգային մշակութային փառատոնի պատշաճ և ամբողջական իրագործմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են մի շարք բազմաբովանդակ և հետաքրքիր միջոցառումներ՝ երաժշտական փառատոն, գաստրոֆեստ, տուրիզմ էքսպո, ցուցահանդեսներ, ժամանցային ծրագրեր, պանելային քննարկումներ, «Առողջ ապրելակերպ» միջոցառումներ, որոնք իրականացվելու են 2025 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Փառատոնը բաց կլինի հանրության լայն շրջանակների համար և կմեկնարկի հանդիսավոր բացման արարողությամբ։

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ «Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսվում է ներմուծել 5 հատ ավտոբուս՝ իրականացնելով 179.5 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման և 22․6 մլն դրամի ներդրում ավտոբուսների կայանատեղերի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 178 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 179.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26.9 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ կերկարացվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով: Շահագործման ժամկետը երկարացնելու ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ:

Գործադիրի որոշմամբ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին գումար կհատկացվի, մասնավորապես՝ «Խմբագրություն» մասնաշենքի տանիքի հիմնանորոգման և գլխավոր մասնաշենքի դիմային հատվածում գտնվող նոր հենապատի կառուցման աշխատանքների համար: «Խմբագրություն» մասնաշենքը շահագործումից ի վեր չի ենթարկվել կապիտալ հիմնանորոգման, տասնամյակների ընթացքում հարթ տանիքի բետոնային շերտը քայքայվել է, ինչի արդյունքում տեղումների ժամանակ տեղի է ունեցել ջրի ներթափանցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30