Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Գիորգի Գաբունիան անդրադարձել է Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին

Հունիս 20,2025 15:09

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Նախարարը կարևորել է երկու երկրներում անցկացվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով հունիսի 5-7-ը Հայաստանում կազմակերպված Վրաստանի մշակույթի օրերը։ Նրա խոսքով՝ միջոցառումներն աչքի են ընկել կազմակերպչական բարձր մակարդակով, բազմազան և հետաքրքիր ծրագրով և հնարավորություն են ընձեռել հայ հանրությանը նորովի ծանոթանալու հարևան երկրի մշակութային հարուստ ժառանգությանը։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպմանն աջակցելու համար։ Նշելով երկու երկրների մշակութային համագործակցության ներուժը՝ Գաբունիան կարևորել է ստեղծագործական խմբերի, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և ճարտարապետների միջև մշակութային պատվիրակությունների կանոնավոր փոխանակումը։

Գաբունիան անդրադարձել է նաև Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը շարունակելու է ներդրումներ կատարել համատեղ մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը երախտագիտությունն է հայտնել հայկական թատրոնի ենթակառուցվածքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս շարունակում է աջակցել թատրոնին՝ ներկայացումների կազմակերպման և այլ նախաձեռնությունների իրագործման հարցում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ թատրոնի նոր շենքում ձևավորվող մշակութային համապատասխան միջավայրը կնպաստի թատերական կյանքի ակտիվացմանը, հետագա զարգացմանը և հանրայնացմանը։

Նախարարն անդրադարձել է նաև նախորդ տարի հայ և վրացի կատարողների մասնակցությամբ Իջևանում անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում:

Կողմերը կարևորել են նաև երիտասարդների ներգրավվածությունը համատեղ նախաձեռնություններում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ուղղված երկու երկրների կրթագիտական կապերի խորացմանը։ 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30