«Այն հանգամանքը, որ Թուրքիային, նաեւ ՀՀ իշխանության օգնությամբ բերում են Հարավային Կովկասին, այսպես ասեմ՝ «նայող», հատկապես այն համատեքստում, երբ մեր տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմներում՝ ՌԴ-ն՝ Ուկրաինայի ուղղությամբ, Իրանն՝ Իսրայելի, ինչի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը տարածաշրջանում ավտոմատ բարձրանում է, այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ, որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը, բնականաբար, որեւէ ձեւով չի կարող բխել Հայաստանի շահերից»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի թուրքական հանդիպումների եւ հնարավոր օրակարգերի մասին հարցին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ թեմայի վերաբերյալ հստակ պատկերացումներ կարելի է ձեւավորել միայն այն ժամանակ, երբ հայտնի կդառնան Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա նաեւ հիշեցնում է, որ դեռ տարիներ առաջ ՀՀ իշխանությունների կողմից սպասում կար, որ Թուրքիան իր միջնորդական առաքելությամբ կօգնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան բարձրագույն մակարդակում քանիցս խոսել է «Զանգեզուրի միջանցքի»՝ իր համար կարեւորության մասին, ընդդիմադիր պատգամավորը ոչինչ չի բացառում։
Պատասխանելով այսօր Ներքին Հանդում հնչած կրակոցների մասին հարցին, այն պարագայում, երբ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր՝ Սյունիքի նկատմամբ վտանգ չկա, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ասել են՝ աշխարհում գերակայող է ուժը։ Ըստ նրա, Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ժամանակահատվածը, ՀՀ տարբեր տարածքների օկուպացիան, Արցախի հայաթափումը տեղի է ունեցել ոչ թե իրավունքի ուժով, այլ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում․ «Հիմա, եթե իրենց համար, այսպես կոչված, միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է ու իրենք Հայաստանի հետ չեն կարողանում լուծում գտնել իրենց պատկերացումների շրջանակներում, ապա որեւէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Ընդ որում, երբ մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ ագրեսիան, էսկալացիոն դրսեւորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է՝ տեղի ունենան սահմանագծի այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման ու սադրանքների հրահրման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջման»։
Պատասխանելով գործարար Սամվել Կարապետյանի հետ կատարվողին եւ այդ համատեքստում հնարավոր մոբիլիզացիային ու հետագա զարգացումներին վերաբերող հարցին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Փաստացի, Սամվել Կարապետյանն արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլ իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ, մեծ առումով, Եկեղեցին ունի շատ մեծ հեղինակություն ու հեղինակավոր անձանց ի սատարում Եկեղեցուն, բնականաբար, իշխանության համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում»։
Կարդացեք նաև
Ըստ նրա, իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ու հնարավոր հասարակական մոբիլիզացիան․ «Դա, կարծում եմ, որեւէ արդյունք չի տալու, որովհետեւ այն բառապաշարն ու այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը Եկեղեցու դեմ պրոցեսներում, չեն կարող որեւէ պայմաններում օգտակար լինել իշխանության համար։ Այլ բան է, որ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ՝ ովքեր փորձում են որեւէ ձեւով խոչընդոտ ստեղծել, նրանց թիրախավորել եւ խաղից հանել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ