Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունել է 2025 թվականի հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներ Ջիմ Շենոնի և Լորդ Ալթոնի կողմից արված հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակցություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, հայտարարություն են տարածել՝ հանդես գալով Միջկրոնական եւ համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից՝ արտահայտելով իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։
Ավելի քան 110 բրիտանացի պատգամավորների անունից հնչեցրած հայտարարության մեջ ողջունվում է Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ ստեղծելու միջազգային խաղաղության հարթակ, որը հնարավորություն կտա կառուցողական երկխոսության Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայկական բնակչության միջև։
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները շեշտել են հայ գաղթականների վերադարձի իրավունքի վերականգնման, մարդու հիմնական իրավունքների՝ այդ թվում կրոնի ազատության (ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածով) պաշտպանության, ինչպես նաև հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը։
«Լեռնային Ղարաբաղում բոլոր համայնքների անվտանգության, արժանապատվության և կայունության վերականգնումը չափազանց կարևոր է՝ ոչ միայն հումանիտար նկատառումներից ելնելով, այլև մի տարածաշրջանում, որը գնալով մեծացող աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն ունի», — նշվում է հայտարարության մեջ։
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այս տարի պաշտոնապես ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ պարտավորեցնելով Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը մեկ տարվա ընթացքում հրավիրել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է՝ միջազգային վերահսկողության ներքո կամ համապատասխան գլոբալ դերակատարների ներկայությամբ կազմակերպել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի պատմական բնակչություն կազմող հայերի անվտանգ և համախմբված վերադարձի շուրջ։
Նախաձեռնության իրագործումը խթանելու նպատակով 2025թ. մայիսի 26-ին Բեռնում ստեղծվել է միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողով՝ բաղկացած 19 շվեյցարացի պատգամավորներից։ Այս մարմինը հանձնառու է աջակցել այն միջազգային մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայի խորհրդարանի իրավաբանական ուժ ունեցող որոշման նպատակների իրագործման համար։
Մեծ Բրիտանիայի այս հայտարարությունը լրացնում է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կայուն և ներառական լուծումներ գտնելու միջազգային կոչերի աճող շարանը։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ջերմորեն ողջունում է 2025 թվականի հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներ Ջիմ Շենոնի և Լորդ Ալթոնի կողմից արված հայտարարությունը՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղարար Նախաձեռնության։
Ջիմ Շենոնը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Խղճի և Կրոնական Ազատության Խորհրդարանական Բազմակուսակցական Խմբի նախագահը, իսկ Լորդ Ալթոնը՝ փոխնախագահներից մեկը։ Խումբը ներկայացնում է ավելի քան 110 բրիտանացի խորհրդարանականների։
Իրենց հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները սատարել են այդ նախաձեռնության նպատակին՝ ստեղծելու միջազգային խաղաղության ֆորում, որը հնարավորություն կտա բաց երկխոսության Ադրբեջանի և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև։ Նրանք հատկապես շեշտել են տեղահանվածների վերադարձի իրավունքի ապահովման, մարդու հիմնարար իրավունքների՝ ներառյալ կրոնական ազատության (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդված), ինչպես նաև հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Հայտարարությունը նաև ընդգծել է կայունության վերականգնման անհրաժեշտությունը՝ մի տարածաշրջանում, որը գնալով մեծ նշանակություն է ստանում աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյունից։
Շվեյցարական խաղաղարար նախաձեռնությունը, որն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից, պարտադրում է Շվեյցարիայի Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում՝ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։ Նախաձեռնության նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բանակցությունների կազմակերպումն է՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակություն ունեցող դերակատարների ներկայությամբ՝ ապահովելու պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձը։
Այս նախաձեռնության իրականացումը առաջ մղելու նպատակով 2025 թ. մայիսի 26-ին Բեռնում ստեղծվել է միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողով՝ բաղկացած 19 շվեյցարացի պատգամավորներից։ Այս հանձնաժողովի առաքելությունն է աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի իրավաբանորեն պարտադիր որոշմամբ նախատեսված միջազգային մեխանիզմների ստեղծմանը։
Հանձնախումբը այս աճող միջազգային ներգրավվածությունն համարում է որպես կարևոր քայլ արդարության, պատասխանատվության և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։