Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով. Անահիտ Մանասյան

Հունիս 20,2025 17:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին հանդես է եկել որպես բանախոս «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ Քննարկումը կազմակերպվել էր «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով անցկացվող երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը: Հիմնական ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթը:
Դավոսի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր տեսլականը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում համերաշխության, հանդուրժողականության և ներառականության գաղափարների խթանման անհրաժեշտության վերաբերյալ։

Անահիտ Մանասյանը նշել է, որ սոցիալական արդարության գաղափարն ընկած է մարդու իրավունքների համակարգի հիմքում․
«Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ՝ առանց համերաշխության, ներառականության և սոցիալական արդարության գաղափարների»։

Պաշտպանը կարևորել է այնպիսի խնդիրների բարձրաձայնումը, որոնք երկար ժամանակ անտեսված են եղել կամ դրանց առնչությամբ ընկալումներն են ձևախեղված եղել.
«Կան հարցեր, որոնց շուրջ հանրային քննարկումներ քիչ ենք ունենում։ Օրինակ՝ տարբեր երկրներում բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով։ Շատ հաճախ դա դիտարկվում է որպես բնական և ընդունելի երևույթ։ Սակայն սա երեխայի իրավունքների տեսանկյունից լրջագույն խնդիր է»։

Անահիտ Մանասյանը նաև հատուկ անդրադարձ է կատարել աղջիկների վաղ ամուսնությունների խնդրին․
«Վաղ ամուսնությունները լայն տարածում ունեն որոշ համայնքներում, ինչի հետևանքով աղջիկները ոչ միայն դուրս են մնում կրթությունից, այլև զրկվում են իրենց զարգացման և ինքնադրսևորման որևէ հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել այս խնդիրները, այլ նաև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի շտկման ուղղությամբ։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրապես կզգա, որ ինքը պաշտպանված է»,- եզրափակելով խոսքը` նշել Պաշտպանը:

Քննարկմանը բանախոսությամբ հանդես են եկել նաև Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Սլովակիայի Հանրապետության վարչապետ (2010–2012 թթ.), Մադրիդի ակումբի անդամ Իվետա Ռադիչովան և Հնդկաստանի ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրեն Ռիմա Նանավատին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30