2025թ. հունվարի 24-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ․Մ․-ն հաղորդում է ներկայացրել, որ ոստիկանությունում իր նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, ստորացնող վերաբերմունք և հոգեբանական ճնշում՝ խոստովանություն կորզելու նպատակով։ Վ․Մ․-ն բռնության հետևանքով ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք փաստագրվել են ինչպե՛ս բժշկական հաստատությունում, այնպե՛ս էլ լուսանկարներով։
Հունվարի 24-27-ին Վ․Մ․-ն ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որի արդյունքում կազմվել է փորձագիտական եզրակացությունը։ Սակայն, ի հեճուկս փաստացի առկա կապտուկների և քերծվածքների, փորձագետը եզրակացրել է, որ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»։
Տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանի կողմից բազմիցս շեշտվել է, որ եզրակացությունը ոչ միայն հակասում է բժշկական փաստաթղթերին և լուսանկարային ապացույցներին, այլև կազմվել է առանց բավարար ուսումնասիրության։
Մասնավորապես՝ փորձագետը անտեսել է հիվանդանոցային քարտում արձանագրված վնասվածքները, կապտուկները և այտուցները։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ 2025թ. մարտի 27-ին Ս․ Գալստյանը միջնորդել է նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Հոդվածի համաձայն՝ եթե նախնական եզրակացությունը հիմնավորված չէ կամ ամբողջական չէ, քննիչը պարտավոր է նշանակել կրկնակի փորձաքննություն։
Սակայն ՀՔԳ քննիչ Յուրի Սարգսյանը 10․04․2025թ․-ին որոշում է կայացրել մերժել միջնորդությունը՝ առանց իրավաչափ և հիմնավոր պատճառաբանության։ Մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը նույնպես մերժվել է պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արամ Խուդավերդյանի կողմից՝ 17․05․2025թ․ որոշմամբ։ Նշված որոշումները փաստացի անտեսել են տուժողի կողմից ներկայացված ապացույցները, այդ թվում՝ լուսանկարները, որոնք ակնհայտորեն վկայում են բռնության առկայության մասին։
Ներկայումս, հաշվի առնելով թե՛ փորձաքննության հիմնավորումների բացակայությունը, թե՛ քննիչի և դատախազի կողմից իրավունքի խախտմամբ կայացված մերժումները, դիմել ենք դատարան՝ պահանջելով.
Վերացնել կրկնակի փորձաքննության միջնորդությունը մերժելու քննիչի որոշումը,
Վերացնել վերոնշյալ մերժման դեմ բողոքը չընդունելու դատախազի որոշումը,
Եվ Վ.Մ․-ի նկատմամբ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն։
Այս գործը առավել մեծ արդիականություն է ստանում հենց այժմ՝ երբ մեկնարկում է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային շաբաթը։ Այս համատեքստում Վ․Մ․-ի գործը հիշեցում է, թե որքան կարևոր է, որ իրավապահ մարմիններն ապահովեն խոշտանգումների վերաբերյալ հանցագործությունների արդյունավետ, անկախ և բազմակողմանի քննություն։ Կրկնակի փորձաքննության իրավականորեն հիմնավոր պահանջը մերժելով՝ իրավապահ մարմինները վտանգում են ոչ միայն կոնկրետ տուժողի արդարության հասնելու հնարավորությունը, այլև ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։
Խոշտանգման դեպքերի անբավարար քննությունը ոչ միայն խաթարում է տուժողի իրավունքները, այլև հակասում է Հայաստանի կողմից ստանձնած խոշտանգումների կանխարգելման միջազգային պարտավորություններին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ