Հունիսի 18-ին անվանի բարերար և երաժիշտ Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին ելույթ են ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Էդվարդ Ավետիսյանը երաժիշտ էր, որի կյանքն ու ստեղծագործական ուղին սկիզբ են առել գաղթի ու վերափոխման միջավայրում։ Նրա պատմությունն ու արվեստը վկայում են, թե ինչպես կարող է երաժշտությունը դառնալ հույսի, ինքնության և դիմակայության պահպանման ուժ։ Նա իր կյանքի օրինակով ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր փորձությունների միջով հնարավոր է անցնել՝ առանց հրաժարվելու երաժշտությունից ու ինքնությունից։
Խորհրդանշական է, որ նրա հիշատակի լույսի ներքո ելույթ են ունեցել «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երկու տաղանդավոր մասնակիցներ՝ Գևորգ Պետրոսյանը (կլարնետ) և Արսեն Սաֆարյանը (շեփոր), որոնք իրենց երաժշտությամբ ներկայացնում են մի ամբողջ սերնդի ձայնը՝ սերնդի, որն այսօր նույնպես փորձում է վերագտնել իր տեղն աշխարհում՝ արվեստի միջոցով։ Նրանց համար սա ընդամենը ելույթ չէր. սա առաջին վստահ քայլն էր դեպի իրենց նոր երաժշտական ուղին՝ վկայություն այն բանի, որ տեղահանումը չի կարող խլել ձայնդ, երբ կան սատարող ձեռքեր ու ստեղծագործելու հնարավորություն։ Իսկ «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը կյանք է տալիս այս ձայներին։ Այն փոխարինում է լռությունն ու կորուստը՝ կրթությամբ, զարգացմամբ և բեմերով։ Այն օգնում է, որ այս պատանիները նորից հավատան իրենց ուժերին ու արվեստի միջոցով վերագտնեն իրենց պատմությունը։
Կարդացեք նաև
Գևորգ Պետրոսյանի և Արսեն Սաֆարյանի ելույթները խորհրդանշեցին նոր սկիզբ՝ մի նոր սերնդի հնարավորություն՝ ներկայանալու աշխարհին ոչ թե որպես զոհ, այլ որպես ստեղծող, մտածող, երաժշտություն կերտող անհատ։ Եվ հենց այդ պատճառով այսօր՝ հիշելով Էդվարդ Ավետիսյանին, մենք միաժամանակ նայում ենք դեպի ապագա՝ որտեղ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը կդառնա հիշողության, ուժի և վերագտնված ձայնի խորհրդանիշ։
—
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և անհատ բարերարներ՝ Յուրի Նավոյանի, Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։