Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական ՀԿ-ները պահանջում են ՀՀ կառավարությունից` խզել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը

Հունիս 20,2025 19:07

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած  մեկնաբանությունների ու որակումների  առնչությամբ։

 

Հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։ Հիշեցնենք, որ Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից, ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել, թե՝ «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին․․․»։

Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը և այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։ Ավելին՝ նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներ և Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական և մասնագիտական տարրական պահանջները,  տարածել են ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, ատելություն և խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։ Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել և մնում է վերոհիշյալ Սոլովյովը՝ իր կողմից  հրավիրվող «փորձագետներով» հանդերձ։ Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են ՀՀ հանրային մուլտիպլեքսում, և նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաև Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։

Քանի որ կիրառված միջոցները բավարար ազդակ չեն դարձել ՌԴ-ում որոշում կայացնողների համար, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից.

  • խզել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչի համար կուտակվել են բազմաթիվ հիմնավորումներ, և այդ քայլով իսկ դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով,
  • անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել և համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30