Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչո՞ւ է  տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում

Հունիս 20,2025 19:50

Պարզաբանում՝ Եկեղեցի–Պետություն հարաբերությունները համակարգող հանձնախմբի նիստերի վերաբերյալ

Երեկ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ Եկեղեցի–պետություն հարաբերությունների համակարգող հանձնախմբի աշխատանքներին՝ ներկայացնելով դրանք որպես գործընթաց, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մտահոգությունը իբրև թե  եղել է բացառապես հարկերից խուսափելը։

Վեհափառ Հայրապետի կողմից հիշյալ համակարգող հանձնախմբում ղեկավար է նշանակվել Տ. Արշակ արք. Խաչատրյանը, քարտուղար՝ ես։ Մասնակցելով հանձնախմբի մի շարք նիստերին՝ պարտք եմ համարում արձանագրել հետևյալը․ ԱԺ-ում հնչած այդ հայտարարությունները ամբողջապես խեղաթյուրում են իրականությունը։

Հանձնախմբի ձևավորման նպատակն էր քննարկել և կարգավորել Եկեղեցի–պետություն հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցերը։ Այդ նպատակի շրջանակում Հայոց Եկեղեցին ինքը իշխանական կողմին ներկայացրել է կրթական, մշակութային, օրենսդրական, հարկային ոլորտներին, ինչպես նաև պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանությանն առնչվող ընդհանուր առմամբ շուրջ 40 հարց։ Այդ ուղղությամբ Մայր Աթոռը ձևավորել է մասնագիտական ենթախմբեր, իրականացրել է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, հանդես է եկել կառուցողական դիրքերից և գործադրել է հետևողական ջանքեր՝ փոխգործակցության միջոցով առկա խնդիրները լուծելու համար։ Փոխարենը՝ իշխանական կողմից այդ գործընթացին համարժեք պատասխան չի տրվել։ Եվ այժմ, շրջանցելով ամբողջ այս գործընթացը, հնչեցվում է պնդում, թե Եկեղեցու միակ մտահոգությունը եղել է հարկերից խուսափելը։

Եթե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչո՞ւ է  տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում։

Խոսել այն մասին, թե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից՝ այն պարագայում, երբ Մայր Աթոռը փաստացի եղել է երկխոսության և համագործակցության նախաձեռնող կողմը, լավագույն դեպքում ապատեղեկատվություն է։

Վերջում կցանկանայի արձագանքել նաև Արշակ Սրբազանի հասցեին նույն ելույթի ժամանակ հնչեցված Է. Աղաջանյանի բնութագրումներին։

Այն, որ Արշակ Սրբազանը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է այս իշխանությունների կողմից նմանօրինակ «քննադատության», նորություն չէ և ոչ էլ զարմանալի։ Հնչած որակումներին հնարավոր է տալ միայն մեկ բանաձևում՝ հերյուրանք։ Արձագանքել ավելին՝ ավելորդ է։

 

Մովսես քհն. Սահակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30