«Այս ամենն ուղիղ, անմիջական կապ ունի Էրդողանին՝ ավելի շատ դուր գալու, նրա պահանջը կատարելու ցանկությունը մեկ անգամ ևս փաստելու համար»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սրբազան պայքարի աջակիցների, դաշնակցականների և այլով ձերբակալություններին։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց՝ մոտ մեկ տասնյակ դաշնակցականներ են ձերբակալվել, կան ընդհանուր առմամբ 20-ից ավելի ձերբակալվածներ։
Ըստ պատգամավորի՝ այն ուժերը, որոնք այլ տեսակետ են հայտնում և չեն համակերպվում այս իրավիճակի հետ, համատարած ձերբակալությունների են ենթարկվում։
Կարդացեք նաև
Լրագրողները փաստեցին՝ պատճառաբանությունն այն է, որ հասարակական կարգ են խախտել քաղաքացիները, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «ՀՀ քաղաքացին իրավունք ունի՞ Նիկոլին հարցնի՝ Թուրքիայի հետ ի՞նչ առևտրի մեջ եք, ի՞նչ ես բանակցում, իրավունք ունի՞ հավաքվելու և բացատրություն պահանջելու։ Դա նշանակում է հասարակական կարգի խախտո՞ւմ։ Ի՞նչ եք ման գալիս, ո՞ւմ եք ման գալիս»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ մեկնաբանություն ունի հայ-թուրքական բանակցությունների՝ ներկայիս զարգացումների մասին, քանի որ ըստ իշխանությունների՝ իրենք ոչ մի հակապետական բան չեն անում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք երբեք երկխոսությանը, բանակցություններին դեմ չենք եղել, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է՝ բարեկամանալ մեր թշնամիների հետ, թշնամանալ մեր բարեկամների հետ, հրաժարվել հայ ժողովրդի բոլոր իրավունքներից՝ ցեղասպանության ուրացում, պայքար ազգային ուժերի դեմ, Արցախի հարցի վերջնական փակում։ Այս հակահայ քաղաքականությունը քողարկում է իրական Հայաստանի, երկխոսության շղարշի ներքո։ Ինչի մե՞նք ենք սկսել պատերազմը, որ հայտարարում է՝ ես խոստանում եմ՝ պատերազմ չի լինելու, մենք ենք պատրաստվում հարձակմա՞ն Ադրբեջանի վրա, թե՞ նա մեզ վրա։ Սա հակահայ, հակապետական, թուրքահպատակ մի մարդ է, որը հայտնվել է իշխանության և մեր երկիրը հետևողականորեն տանում է թուլացման, պառակտման և թրքացման»։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ եթե հալածանքների միջոցով փորձում են իրենց ջլատել, վախեցնել ու լռեցնել, հեռու պահել հայրենիքի համար պաշտպանության՝ մեր ցանկություններից, չի ստացվելու․ «Ինչքա՞ն կարա բռնի։ Սա ոչ առաջինն է, ոչ մեջտեղինը, ոչ էլ վերջինը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է իրավապահները գան նաև Բագրատ Սրբազանի տո՞ւն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք իրենց միշտ ենք սպասում։ Մի պահ այստեղ կուտակում կար, դրա համար էի նաև Սրբազանի գրասենյակում, միշտ ցանկացած սցենարի պատրաստ ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ