«Քիչ առաջ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանին են կանչել։ Տեղեկություն ունեմ, որ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը հենց հիմա ոստիկանական բաժանմունքում է»,-լրագրողներին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սրբազան պայքարի, դաշնակցականների և այլ քաղաքացիների ձերբակալություններին։
Այս պահի դրությամբ արդեն հինգ հոգու ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից։ Գառնիկ Դանիելյանը հայտնեց․ «Տավուշի մարզային կառույցի անդամներից մեկը՝ Վարազդատ Ամիրջանյանը, որը Նոյեմբերյանից էր բերման ենթարկվել, երեք ժամ պահելուց հետո բաց է թողնվել։ Բաց է թողնվել նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը, Իջևանից բաց են թողել Էրիկ անունով քաղաքացու»։
Նշենք, որ ազատ է արձակվել նաև «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Արա Ռոստոմյանը, նա նաև հայտնել է զոհված զինծառայողների ծնողներից մեկի ազատ արձակվելու մասին։
Գառնիկ Դանիելյանը նկատեց՝ ինչ-որ մարդկանց խմբի ձերբակալությունների փուլն ավարտում ու անցնում են մյուսներին։
Կարդացեք նաև
Հարցին՝ ազատ արձակվածներն ի՞նչ են ասում, իրենց ի՞նչ հարցերի շրջանակում են հարցաքննում, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Հարցնում են՝ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչ եք անում, և այլն։ Անհասկանալի, անբովանդակ, անիմաստ հայտարարություններ են արել։ Այսօր ՀՀ-ում արժանապատվություն ունենալը քրեորեն հետապնդելի արարք է։ Այն բոլոր մարդիկ, որոնք այս չափանիշներին համապատասխանում են, որոնք Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ անհանգստություն են պատճառել, այդ մարդկանց ապօրինաբար կանչում են։ Ամփոփ կարող ենք ասել, որ որևէ մեկի՝ այսպես ասած ոչ հանցանք կա, ոչ էլ որևէ մեկին ինչ-որ բաների համար հստակ պահանջներ են ներկայացնում այս կամ այն արարքի համար։ Մինչև հիմա դուրս եկած մեր հայրենակիցների հետ կապված նման բան չկա։ Գնում են խմբերը, մարդկանց տներից հանում են, ձեռքերը ոլորում, դնում են մեքենայի մեջ ու տանում։
Սրանց ստախոսության ու կեղծիքի՝ նոր մի բան էլ բացահայտվեց։ Էջմիածնում ոստիկանական բաժանմունքում մարդկանց, որոնք փաստաբանի հետ իրենց հարազատներին էին փնտրում, ոստիկանական բաժանմունքում ասել են, որ իրենք այդտեղ չեն, մինչդեռ այդտեղ են եղել։ Ոստիկանական բաժանմունքում ստել են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ