Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը հասարակության արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների ապահովման գործում

Հունիս 20,2025 22:22

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետի, Վրաստանի ու Իտալիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ կայացավ Սոցիալական արդարության միջազգային 3-րդ համաժողովը

Երևանում անցկացվել է Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովը․ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով համաժողովին ներկա են գտնվել Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան, Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» նախաձեռնությանը միանալու շրջանակում․ քննարկվել են Սոցիալական արդարության կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու սոցիալական արդարության սկզբունքների խթանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը։ Հիմնական ելույթով ներկայացել է Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծել է սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը հասարակության արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների ապահովման գործում։ Նրա խոսքով՝ ՀՀ տարբեր ոլորտներում մշակվող ոլորտային ռազմավարություններն ու ծրագրերն արտացոլում են հենց այս փիլիսոփայությունը՝ միավորելով եղբայրության իդեալներն ու արդարության սկզբունքները՝ իրական երաշխիքների միջոցով։

«Երեք տարի առաջ մենք հպարտությամբ միացանք Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի կողմից նախաձեռնված Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել գործընկեր կառավարությունների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ համաշխարհային և ազգային սոցիալական արդարության օրակարգի։ Այսօր մեր ջանքերը շարունակում են ուղղված լինել նրան, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից, կարողություններից կամ սոցիալական կարգավիճակից, ունենա արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելու հավասար հնարավորություն»,- նշել է նախարարը։

Սոցիալական արդարության գաղափարի տարածման գործում նախարար Մկրտչյանը կարևորել է նաև արժանապատիվ աշխատանքի, կայուն զբաղվածության ապահովման, խոցելի և նպաստառու խմբերի տնտեսական ակտիվացման, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման ուղղությամբ աշխատանքները։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է համաժողովի դերը՝ սոցիալական արդարության գաղափարի տարածման գործում և այս համատեքստում շեշտել մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համագործակցության կարևորությունը․ «Հայաստանի Հանրապետության համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։

Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնելով՝ արժանավայել կերպով մասնակցել հանրային կյանքի բոլոր հարթություններին։ Այս համաժողովը թույլ է տալիս ոչ միայն արժևորել ձեռքբերումները, այլև անդրադառնալ առկա խնդիրներին, վեր հանել նոր ուղենիշներ։ Որպես պետություն՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա»,- նշել է նախագահը։

Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթն իր խոսքում նշել է․ «Սոցիալական արդարադատությունը հենց այնպես չի լինում․ այն պետք է բխի եղբայրության մշակույթից՝ միասնության ոգուց, որը հարգում է յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա կրոնից, ռասայից կամ ծագումից: Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեում մենք հավատում ենք, որ միասին ապրելը և՛ բարոյական պարտականություն է, և՛ սոցիալական անհրաժեշտություն։ Արդարության մասին խոսելը բավարար չէ: Մեզ անհրաժեշտ են իրական գործողություններ՝ կառավարությունների, կազմակերպությունների, կորպորատիվ հատվածի և երիտասարդական կազմակերպությունների միջոցով: Արդարությունը նշանակում է կառուցել համակարգեր, որոնք հավասարապես կվերաբերվեն բոլորին»։

ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ սոցիալական արդարության և մարդկային եղբայրության գաղափարների տարածման գործում․

«Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիան ստեղծվել է 2023 թվականին, և արդեն ունի 370 գործընկեր։ Մենք ստանձնել ենք պարտավորություն՝ իրականացնել հստակ գործողություններ՝ սոցիալական արդարությունը խթանելու, ավելի արդար թվային և էկոլոգիական տնտեսությունների անցնելու և բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու համար։ Այսօր կարևոր է կառավարությունների, սոցիալական գործընկերների և հասարակությունների ջանքերի միավորումը՝ ստանձնած պարտավորությունների իրականացման համար»։

Համաժողովի ընթացքում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով անցկացվել է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ են ունեցել Սոցիալական արդարության ամրապնդման գործում մարդկային եղբայրության գաղափարի կարևորության, արդար և ներառական աշխատաշուկայում գլոբալ գործընկերությունների, արհեստական բանականության դերի, խոցելի խմբերի հզորացման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։

«Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Սլովակիայի Հանրապետության 2010-2012 թթ․ վարչապետ, Մադրիդի ակումբի անդամ Իվետա Ռադիչովան, Հնդկաստանի ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրեն Ռիմա Նանավատին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը․ քննարկվել են սոցիալական արդարության ամրապնդման գործում մարդկային եղբայրության դերին, համերաշխության հաստատման գործում վերջինիս ունեցած կարևորությանը, հանդուրժողականության ու ներառականության ապահովման արդյունավետ մեխանիզմներին առնչվող մի շարք հարցեր։ Պանելային քննարկումը վարել է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

«Գլոբալ գործընկերություններ՝ արդար և ներառական աշխատաշուկայի համար» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը. անդրադարձ է կատարվել ներառական աշխատաշուկայի ձևավորման գործում գլոբալ գործընկերությունների ունեցած դերին, աշխատանքի իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքակազմերին, արժանապատիվ աշխատանքի ապահովման մարտահրավերներին ու հնարավորություններին։  Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը վարել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

«Արհեստական բանականության դարաշրջան. մարտահրավեր, թե՞ հնարավորություն մարդկային եղբայրության համար» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, SMARTCLICK, VIRALMANGO ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի խորհրդական Մոհդ Հերիզալ Բին Հազրին, «Սենսյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյանը։ Բանախոսների մասնակցությամբ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային եղբայրության, համերաշխության և ներառականության գործում արհեստական բանականության ունեցած դերի, ԱԲ-ի կիրառման էթիկական հիմնահարցերի, մարդակենտրոն, պատասխանատու և արժեքահեն արհեստական բանականության ձևավորման ուղղությամբ համագործակցության կարևորության վերաբերյալ։ Պանելային քննարկումը վարել է «ՆՈՐՔ» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

«Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց գծով նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի ավագ խորհրդական Ռեհաբ Ալի Խամիս Ալ Մանսուրին․ քննարկվել են արժանապատիվ աշխատանքի խթանման, կանանց, երիտասարդներին և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներգրավվելու, պետական և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցության զարգացման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։ Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը վարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30