Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց նաեւ Ազատի վարչական ղեկավար Սիմոն Սահակյանը:
Նա պատմեց՝ գիշերով զանգել են, հայտնել հրդեհի մասին, ինքը դուրս է եկել, տեսել է վազելով ու լացելով արյունլվա Եղիշե Հակոբյանին: Վերջինս, ըստ գյուղապետի, գոռում էր՝ «էս ինչ եղավ, զենք տվեք, ինձ խփեմ»:
Նրա խոսքով, դեպքի օրը ինքը չի մոտեցել կացարանին, գտնվել է դպրոցի բակում, այնտեղից է հետեւել զարգացումներին:
Կարդացեք նաև
Վարչական շրջանի ղեկավարի տան շրջակայքում կա 4 տեսախցիկ, որոնցից միայն մեկն է կացարանի ուղղությամբ եղել: Դեպքից հետո նա այդ տեսախցիկների արձանագրած մի դրվագը, երբ Եղիշե Հակոբյանը լացելով վազում էր, նկարել է իր բջջային հեռախոսով:
Նպատակը որն է որ այդքան մասն եք նկարել հարցին, ասաց երեւացող կադր էր դրա համար:
Փաստաբանը նաեւ հետաքրքրվեց՝ հրդեհի դեպքի վերաբերյալ հայտնի տեսանյութ կա, դա գյուղի որ մասից նկարված լինի, ասաց իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ նկարողը գյուղից չէ:
Զոհվածների ծնողներից մեկը զայրացավ վարչական շրջանի ղեկավարի ցուցմունքից ու հարց ուղղեց. «Սիմոն, հիմա, որ գամ, էդտեղից թքեմ վրեդ, կարո՞ղ ես նկարել»:
Ի պատասխան՝ գյուղապետն ասաց՝ այո, ծնողն առաջ գնաց, որ կատարի իր ասածը, դատարանը սաստեց. «Թող թքեմ, նկարի: Արա, եքա տղա ես»: Վարչական շրջանի ղեկավարն ու ծնողը սկսեցին փոխադարձ գոռգոռալ, վիճել:
Մեկ այլ ծնող շարունակեց. «Ոնց ես օրոր-շորոր դուրս գալիս տնից փողոց: Ասում ես ՝ հրդեհ է, բա դու չե՞ս մտածում, գնաս, հանգցնես, արա՛, 15-20 զինվոր է, արա՛: Սուտ է ասում, կլինի մեկը մարդ լինի, գա ճիշտն ասի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ