Վճռաբեկ դատարանը հունիսի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ՝ առկա է իրավունքների խախտման վտանգ: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, անդրադառնալով համայնքի ղեկավարի որոշումների կապակցությամբ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերին, արձանագրել է, որ երբ դատախազն իր լիազորությունները իրականացնելիս հայտնաբերում է համայնքի ղեկավարի կողմից համայնքային շահերի խախտման փաստ, պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինիս է վերապահված տվյալ հարցերով հայց ներկայացնելու առաջարկություն ստանալու առաջնային իրավասությունը:
Արտաշատ համայնքի ավագանին դիմելով դատարան՝ պահանջել է վերացնել համայնքի ղեկավարի 2005թ. մարտի 25-ի հ. 79 որոշումը, անվավեր ճանաչել Ս.Հայրապետյանի անվամբ տրված հողի վարձակալության պայմանագիրը: Վարձակալած տարածքը Արտաշատի հիվանդանոցի հարեւանությամբ էր, նախատեսված էր շինանյութի մեծածախ առեւտրի կենտրոն կառուցելու համար: Այդ պայմանագրով հողատարածքի տարեկան վարձավճար էր սահմանվել:
ՀՀ վարչական դատարանը 2024թ.-ին բաց թողնված դատավարական ժամկետի միջնորդությունը բավարարում է, հայցադիմումն ընդունում է վարույթ: Ս.Հայրապետյանը վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոքներ է բերում:
Բողոքաբերը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացվել է առաջարկ, որը վերաբերվել է ոչ թե մարտի 25-ի հ. 79 որոշմանը, այն դատարանում վիճարկելուն, այլ՝ երրորդ անձի հետ պայմանագիրը միակողմանիորեն լուծելուն: Հետեւաբար, ավագանին չէր կարող բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդություն անել, վերականգնել ժամկետը, նախնական դատական նիստ հրավիրել:
Կարդացեք նաև
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Արտաշատ համայնքի ղեկավարին ուղղված դատախազի տեղակալի գրությունը մուտքագրվելու հանգամանքը չի կարող համարվել պատշաճ եւ բավարար հիմք ավագանու կողմից հայց ներկայացնելու համար: Բնականաբար, դատավարական ժամկետի հարցին անդրադառնալու կարիք էլ չկար:
Վճռաբեկ դատարանը բավարարել էր Ս.Հայրապետյանի բողոքը, վերացրել ստորադաս դատարանի՝ նիստ հրավիրելու, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին որոշումները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2025