ԵՊՀ դասախոսներ Սերոբ Խաչատրյանը եւ Արսեն Թավադյանը 2025 թ. ապրիլի 23-ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ: Նրանք խնդրել են վերացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 5-ի թիվ 1399-Ա/2 հրամանի հավելվածի ցանկի «Ութերորդ դասարան» բաժնի 19-րդ եւ 20-րդ տողերը («Հասարակագիտություն 8»)։
Երբ մրցույթին հայցվորների հեղինակած գիրքը չէր անցել, Արսեն Թավադյանը սոցիալական ցանցում՝ իր էջում (2024 թ. օգոստոսի 6) տեղեկացրել էր, որ գործընթացի իրավաչափությունը վիճարկելու քայլեր դեռ կձեռնարկեն: Նա նաեւ հայտնել էր, որ դասագրքում առկա են ոչ միայն արտասահմանյան, այլ նաեւ հայ փիլիսոփաների վերաբերյալ հատվածներ. «Արդարության մասին խոսելիս քննարկվում է նաեւ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: Երբ քննարկվում են կոլեկտիվ իրավունքները, շեշտը դրված է ոչ միայն բնապահպանական իրավունքների վրա, այլեւ առաջնային` ազգերի ինքնորոշման իրավունքի եւ Արցախի հիմնախնդրի: Որպես առաջին սահմանադրության օրինակներ ներկայացվում են նաեւ Շահամիրյանների «Որոգայթ փառացը» (1773թ.), Արցախի եւ Ուտիքի արքա Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» (6-րդ դար)»:
Հիշեցնեմ, որ Վարչական դատարանը մեկ տարի գործը պահելուց հետո, որոշմամբ (դատավոր՝ Ա.Ծատուրյան) հայցադիմումը վերահասցեագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան, այն մակագրվել է դատավոր Վ. Թորոսյանին:
Վարչական դատարանից (դատավոր՝ Ռոբերտ Մաքեյան) Քաղաքացիական դատարան ուղարկելու հիմքում դրվեց հետեւյալ հանգամանքը: ՀՀ կառավարության 24.12.2003թ. թիվ 1937-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եւ դրամաշնորհների հատկացման կարգը: Կարգի 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպությանը սուբսիդիա կամ դրամաշնորհ տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա: Հայցադիմումի եւ դրան կցված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դարձել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մրցույթ է հայտարարել հանրակրթական առարկաների, այդ թվում՝ «Հասարակագիտություն 8» առարկայի դասագրքերի ստեղծման համար դրամաշնորհի հատկացման նպատակով։ Այսինքն՝ այդ մրցույթի արդյունքներով ընտրվում է հետագայում կնքվելիք դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագր(եր)-ի կողմ(եր)-ը։
Կարդացեք նաև
Դատարանի գնահատմամբ՝ նախարարությունը հանդես է գալիս ոչ թե որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված անձ, ով իրացնում է հանրային իրավունքի նորմերով իրեն վերապահված լիազորություններն իր գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում, այլ որպես քաղաքացիական իրավահարաբերության մասնակից՝ ապագայում կնքվելիք քաղաքացիաիրավական պայմանագրի կողմ՝ Հայաստանի Հանրապետության անունից։ Հետեւաբար, քննարկվող իրավահարաբերության բովանդակությունն է կազմում ոչ թե պետության՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, այլ քաղաքացիական իրավահարաբերություններում որպես քաղաքացիաիրավական պայմանագրի կողմ հանդես գալու իր իրավունքը:
Հունիսի 16-ի անդրանիկ նիստի ժամանակ պարզվեց, որ նախագահող դատավոր Վ. Թորոսյանը հուլիսի 7-ից մինչեւ հուլիսի 25-ը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում, որոշվեց քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 2025թ. օգոստոսի 20-ին ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2025