Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն արդեն երրորդ անգամ է նիստի օր նշանակում

Հունիս 21,2025 13:00

Հունիսի 17-ին նույնպես գործի քննություն չեղավ, ինչպես հունիսի 7-ին:

Սահմանադրական դատարանը երրորդ աշխատակարգային որոշումն ընդունեց՝ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»:

Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ գործի դատաքննությունը հետաձգեց եւ այն նշանակեց 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2025 թ. մարտի 14-ի որոշմամբ քննության էր ընդունել հայ հասարակական-մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի դիմումը: Հիշեցնեմ, որ նրա ներկայացուցիչն է փաստաբան Առնոլդ Վարդանյանը:

Նշված գործը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքով պաշտպանված՝ 51.62 քառ մետր հողատարածքի հողազավթմանը, ինչն իրականացվել է Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղում գտնվող բակում։

Դիմող կողմը նշել էր. «Նշված տարածքը, որտեղ գտնվել է պարսպապատված տնային տնտեսություն, նվիրատվության կարգով դեռեւս 1990-ական թվականներից ձեռք է բերել Անդրանիկ Մանուկյանը եւ բնակվել այդտեղ, սակայն 2017 թվականից տարբեր բիզնես ծրագրերի իրականացման շրջանակներում, Անդրանիկ Մանուկյանի հողատարածքի հաշվին, այդ բակում «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի կողմից ամեն գնով փորձ է կատարվել կառուցել մոտ 12 հարկանի բազմաբնակարան շենք։ Ընդ որում, շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին, կատարվել է նվազագույն նորմատիվային պահանջների կոպիտ խախտմամբ, անմիջապես Անդրանիկ Մանուկյանի տան գլխավերեւում, վտանգի տակ դնելով իր եւ իր հետ բնակվող ընտանիքի անդամների, անչափահաս երեխաների կյանքն ու առողջությունը»։

Ապացույցները բազմաթիվ են: Առկա են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտոնապես ստացված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից այն մասին, որ անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ նշված կառուցապատման շինարարությունն իրականացնելուց, այն չի համապատասխանում նվազագույն նորմատիվ պահանջներին, սակայն այն անտեսվել է իրավասու մարմինների կողմից։

Նշեմ, որ Թումանյան փողոցի նշված բակի շուրջ 131 բնակիչ իրենց դիմում-բողոքն են հասցեագրել Երեւանի քաղաքապետին՝ շինարարությունը կասեցնելու պահանջով։ Բնակիչների թվում են եղել նաեւ բողոքը ստորագրած Արթուր Մեսչյանը եւ նրա կինը՝ Սուսան Մեսչյանը։ Սակայն, հետագայում պարզվել է՝ նշված դիմում-բողոքը մակագրվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանին, ով հավանություն է տվել կառուցապատման նախագծին։

ՍԴ դիմելուց հետո փաստաբան Վարդանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացվել է նաեւ այն հարցը, որ Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից այն պայմաններում, երբ սկզբնական հայցվորը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք, որը կարող էր որեւէ կերպ փոխանցել այլ անձի, ավելին՝ օրենքով նույնիսկ չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը որեւէ անձի փոխանցելու հնարավորություն. «Որպեսզի պատկերավոր լինի սույն գործով թույլ տրված խախտումների աստիճանը, դեռեւս մինչեւ դատական գործընթացների սկսվելը, նշված հասցեում բազմաբնակարան համալիրի կառուցումը ստացել էր շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ կառուցապատման նախագծերում Անդրանիկ Մանուկյանի հողատարածքն իր շինությամբ մատնանշվել էր որպես նախնական համաձայնությամբ ձեռքբերման եւ քանդման ենթակա գույք»:

Դիմումում նշվել է նաեւ, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, սակայն ինչպես մեր նախորդ հրապարակումներն են փաստել, Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր բողոքն ընդունել վարույթ՝ անտեսելով Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքից զրկման փաստը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նույնաբնույթ փաստական հանգամանքներում ներկայացված նույն ցեսիայի պայմանագրի հիման վրա նույն հասցեով Անդրանիկ Մանուկյանի մեկ այլ հողատարածքի զավթման նպատակով ներկայացված հայցը ժամանակին թողնվել է առանց քննության այլ դատարանների կողմից։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30