2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առավել մանրակրկիտ դիտարկման կարիք ունեն՝ հասկանալու համար ինչպես ֆինանսա-տնտեսական քաղաքականության արդյունավետության սահմանները, այնպես էլ պետական կառավարման կառուցվածքային բացթողումներն ու քաղաքական անհավասարակշռությունները։
Ընդհանուր տնտեսական միջավայրի համեմատաբար կայունության ֆոնին, երբ առկա էին տնտեսական աճի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, Հայաստանի տնտեսությունն անցած տարվանից սկսած գրանցում է աճի տեմպերի ակնհայտ դանդաղում՝ պայմանավորված մի շարք իրողություններով, որոնցից առանցքայինը նախորդ տարիներին սկսված խթանիչ գործոնների մարումն է։ Այս իրավիճակում գրանցվել է 5,9 % տնտեսական աճ, ինչը մակրոտնտեսական առումով, անշուշտ, դրական ցուցանիշ է, սակայն պետք է դիտարկվեն ոչ միայն թվաբանական, այլև աճի նման տեմպերի որակական ցուցանիշները՝ հաշվի առնելով դրա կառուցվածքը և ազդեցությունը ընդհանուր տնտեսական հիմքերի վրա։
«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը վկայում է, որ այդ աճը հիմնականում ձևավորվել է ծառայությունների և առևտրի ոլորտների շնորհիվ, որոնց ազդեցությունն ավելացված արժեքի ստեղծման հարցում գրեթե էականորեն սահմանափակ է։ Այս առումով կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսական աճի մասնաբաժնում մեծ տեղ է զբաղեցրել տարեսկզբին ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, սակայն այս գործընթացի ազդեցությունն աստիճանաբար չեզոքացվեց։ Բայց քանի որ տնտեսական ցուցանիշները հաշվարկվում են հենց այսպիսի անցողիկ ներգործություններով, ապա իրական տնտեսական էֆեկտը վերածվում է ընդամենը մակերեսային երևույթի, որը երկարաժամկետ զարգացման առումով ունի խիստ թույլ արդյունավետություն։
Տնտեսական աճի մասով, նույնիսկ եթե այն թվով արտահայտվում է 5,9 %-ով, պետք է հարցադրում արվի՝ արդյոք այն ձևավորվե՞լ է տնտեսության այն հատվածներում, որոնք կարող են ապահովել կայուն զարգացում և սոցիալական բարելավում։ Հակառակ պարագայում, բյուջեի կատարողականն առավելապես մնալու է թվաբանական վարժություն, որի իրական արժեքը չափվում է ընդամենը հաշվետվությունների մակարդակում, այլ ոչ թե հասարակության առօրյայի բարելավման հիման վրա։
Կարդացեք նաև
Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումներից շեղումները նույնպես, որոնք արձանագրվել են թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մակարդակում, խոսում են մի կողմից՝ տնտեսության փխրունության ու թույլ իմունիտետի, իսկ մյուս կողմից էլ՝ կառավարական կանխատեսումների ու դրանց շուրջ ձևավորվող գործընթացների ոչ ճշգրիտ բնույթի մասին։ Նկատի ունենանք, որ անցած տարի տնտեսական աճը կազմել է կառավարության կանխատեսած 7 %-ից 1,1 %-ով քիչ, ինչն ինքնին կարող էր համարվել համեստ շեղում, եթե դա չուղեկցվեր մյուս հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկմամբ։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 %՝ նախանշված 24,9 %-ի փոխարեն, իսկ միջին գնաճը կազմել է ընդամենը 0,3 %՝ կանխատեսված 3,2 %-ի դիմաց։ Այս ամենի հետևանքով հարկային եկամուտների հավաքագրումը հետ է մնացել պլանավորվածից՝ 222,7 մլրդ դրամի չափով։
Սա, ըստ էության, բյուջեի ծրագրավորման համակարգի խոցելիության խորհրդանիշ է, երբ տնտեսության իրական տեմպերը և գնաճային միջավայրը չեն համապատասխանում նախանշված ֆիսկալ հիմքերին։ Իսկ նման ոչ ճշգրիտ կանխատեսումները և շեղումները ոչ միայն բարդացնում են պետական ծրագրերի իրագործումը, այլև նվազեցնում են հանրային վստահությունը բյուջետային գործընթացի նկատմամբ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում