Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հունիս 21,2025 12:23

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Համերգը նվիրված էր անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին։ Բարերարի շնորհիվ ստեղծվել և վերակառուցվել են մի շարք կրթական, բժշկական և սոցիալական կարևոր նշանակության կառույցներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը, Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Նորք-Մարաշի մանկական սրտաբանական հիվանդանոցը, հովանավորվել են նաև այլ կարևոր նախագծեր։ Էդվարդ Ավետիսյանը երաժիշտ էր, փորձառու կլարնետահար։ Նա 35 տարի նվագել է Boston Pops նվագախմբում, համագործակցել է Բոստոնի բալետի նվագախմբի հետ, ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր նվագախմբերի հետ։ Նրա կյանքի կարգախոսն էր՝ «ապահովել կրթության մատչելիությունը և ապագա սերունդների համար աշխարհն ավելի լավը դարձնել»։ Ու պատահական չէ, որ նրա հիշատակին նվիրված համերգին ելույթ են ունեցել պատանի շնորհաշատ երաժիշտներ։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Լյանա Ուլիխանյանը երաժշտասերներին է ներկայացրել Ռոբերտ Շումանի Adagio and Allegro-ն՝ թավջութակի և նվագախմբի համար։ Լյանան ասում է, որ ստեղծագործության ընտրությունն իրենն է։ Շումանի այս գործը գրված է եղել դաշնամուրի համար, այնուհետև այն փոխադրվել է թավջութակի և նվագախմբի համար։ Խոստովանում է, որ իր համար շատ հետաքրքիր էր անդրադառնալ այս ստեղծագործությանն ու այն ներկայացնել երաժշտասերներին իր մեկնաբանմամբ։ Լյանա Ուլիխանյանը նշում է, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իրեն ոչ միայն մասնագիտական հմտություններ է տվել, այլև պարգևել է շատ լավ ընկերների, որոնց հետ դարձել են իրար սատարող մի մեծ թիմ։ Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամն աջակցում է հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին՝ կայանալու, զարգանալու և վստահորեն առաջ շարժվելու իրենց երաժշտական ճանապարհով։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուներ, շեփորահար Արսեն Սաֆարյանն ու կլարնետահար Գևորգ Պետրոսյանը։ Գևորգ Պետրոսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Միշել Մանգանիի Pagina d’Album-ը՝ կլարնետի և լարային նվագախմբի համար։ Ստեղծագործությունը երիտասարդ կլարնետահարը ներկայացնում էր առաջին անգամ։ Pagina d’Album-ի ընտրությունը կատարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կլարնետահարների խմբի հետ։ Ասում է, որ 5-6 տարեկանից նվագում է կլարնետ ու շատ է սիրում իր գործիքը։ Այժմ Գևորգ Պետրոսյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը, ըստ Գևորգի, Արցախից տեղահանվելուց հետո վերականգնվելու, երաժշտության մեջ կատարելագործվելու և մեծ բեմերում ներկայանալու հնարավորություն է ընձեռում։

«Ծնվել եմ Արցախում» 5-ամյա ծրագիրն ուղղված է Արցախից տեղահանված 23 պատանի երաժիշտների կրթական և ստեղծագործական զարգացմանը, ապահովում է նրանց շարունակական կրթությունը, հնարավորություն է տալիս մեծ բեմերից հնչեցնել «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Ծրագիրն իրականացնում է Արվեստ23 ՀԿ-ն։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանն է։

Երեկոյի ընթացքում հնչել են նաև Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Պեդրո Իտուրրալդեի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ են ունեցել նաև Ինգա Հովհաննիսյանը (ջութակ), Միքայել Հարությունյանը (սաքսոֆոն), Արսեն Բալայանը (կլարնետ), Աիդա Ավանեսյանը (դաշնամուր), Էդգար Մխիթարյանը (դաշնամուր)։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30