«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ի՞նչ է ուզում Ալիևն անել Նախիջևանի հետ
Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) կարգավիճակը որոշվել է 1921 թ. Կարսի պայմանագրով: Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված է․ «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա Ադրբեջանի խնամակալության ներքո»:
ՆԻՀ-ի սահմանադրության մեջ՝ հենց առաջին տողում դա գրված է․ «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվեցին 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք մինչ օրս ուժի մեջ են։ Այդ միջազգային պայմանագրերում Նախիջևանը կրկին հայտարարվեց Ադրբեջանի անբաժանելի մաս, և ճշգրտվեցին Նախիջևանի տարածքային սահմանները»։
Կարդացեք նաև
Նույն սահմանադրության 1-ին հոդվածի II մասում գրված է․ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը որոշվում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությամբ, 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի միջազգային պայմանագրերով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրերով»։
Հիմա ի՞նչ է անում Ալիևը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի քննարկմանն է ներկայացնում ՆԻՀ-ի Սահմանադրության փոփոխության նախագիծ, որտեղ, ըստ իս, էականը առաջարկվող հետևյալ փոփոխությունն է․ «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի միջազգային պայմանագրերը և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրերը» բառերը հանել 1-ին հոդվածի II մասից»։
Առաջարկվող այլ դրվագներով Ալիևը վերացնում է ինքնավարության բոլոր ատրիբուտները՝ փոխարինելով ընտրությունները Բաքվից ուղիղ նշանակմամբ։ Ալիևը փաստացի դե ֆակտո վերացնում է ՆԻՀ-ի ինքնավար կարգավիճակը, հանում Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին հղումները, որոնց հիման վրա ձևավորվել է ՆԻՀ-ը։ Դե-յուրե ԴԵՌ պահում է ինքնավարությունը։ Դե յուրե այն կարող է վերացվել հանրաքվեով՝ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությամբ։
Այն, որ Ալիևը գնալու է ՆԻՀ-ի ինքնավարության վերացման ճանապարհով, ես կանխատեսել էի դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ կապելով դա նաև Արցախի հետ։ Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի։ Դա իրականում բարդ գործընթաց է, բայց Ալիևը փաստացի սկսել է այդ գործընթացը։