Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն վերանորոգել է Քարկոփի մանկապարտեզն ու ապահովել դպրոցը ջեռուցման համակարգով

Հունիս 21,2025 17:00

Մեկ տարի առաջ մայիսյան հեղեղումների պատճառով Դեբեդն ամբողջությամբ փոխել էր Քարկոփ գյուղի կյանքը: Լոռու մարզի այս բնակավայրն ամենաշատն էր տուժել բնական աղետից: Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր շուրջ 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը: Քարկոփցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան: Դա ոչ միայն հեշտ չէր, այլև ֆինանսական լրացուցիչ բեռ էր մանկահասակ երեխա ունեցող ընտանիքների համար: Թե որքանով է կարևոր նախադպրոցական կրթությունը, Քարկոփ գյուղում լավ գիտեն:

Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Viva-ն նախաձեռնել էր մանկապարտեզի շենքի վերանորոգման և դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման շինարարությունը:  Գարնանն այստեղ ակտիվ աշխատանքներ էին տարվում: Դրանք արդեն ավարտվել են՝ անցյալում թողնելով խնդիրներն ու դրանց հետ կապված հիշողությունները: «Հեքիաթ»-ն իր դռներն է բացել տեղի փոքրիկների համար:

«Բազմաթիվ հարցեր լուծվեցին. երեխաներն արդեն սեփական բնակավայրում մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն: Նրանք զրկված էին նախադպրոցական կրթության իրավունքից: Լուծվեց նաև աշխատատեղերի հարցը. աշխատողները պարապուրդի մեջ էին, իսկ այժմ հնարավորություն ունեն նորից սկսել իրենց աշխատանքը: Սա նաև ընտանիքների ֆինանսական բեռը թեթևացրեց»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ասպրամ Ամիրջանյանը։

«Առաջին հայացքից մենք տեխնիկական հարց ենք լուծել Քարկոփ գյուղում: Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարևոր արդյունք ապահովել՝ մանկության և երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր: Դա կարևոր է մարդու հետագա ամբողջ կյանքում՝ համարձակ նպատակներ սահմանելու և դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ն լուծել է նաև դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը: 38 տարի առաջ վերաբացված դպրոցը երբևէ պատշաճ կերպով չի ջեռուցվել: Դասասենյակները տաքացվել են վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով: Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանը պատմել է, որ գործադրվել են մեծ ջանքեր՝ դասասենյակներում սանիտարական պայմաններին համապատասխան ջերմաստիճան ապահովելու համար, սակայն արդյունքը չի գերազանցել 18 աստիճանը: Էլեկտրական հոսանքազրկման դեպքերում ջերմաստիճանը կտրուկ նվազել է, իսկ փայտե վառարաններից հաճախ դուրս եկող ծուխը խաթարել է դասապրոցեսը: Դպրոցի փայտյա հատակին կայծ հայտնվելու հնարավորությունն էլ կարող էր հրդեհի պատճառ դառնալ: Բարդ հիշողությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Քարկոփի դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30