ՀՀ կառավարությունն այս տարի բուժաշխատողի օրը որոշել է նշել Գյումրիում․ առավոտյան գնացքով մեծ թվով հյուրեր՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ ժամանեցին Գյումրի՝ երկաթուղային կայարանում «Շողեր» ազգային համույթի ազգային պարը։ Երկաթուղային կայարանում նրանց դիմավորեցին ուսանողներ, այդ թվում Հնդկաստանից Գյումրիի «Պրոգրես» համալսարանում սովորող, մարզի տարբեր տեղանքներից եկած բուժաշխատողներ։
Նրանք քայլերթով շարժվեցին դեպի Գյումրու Թատերական հրապարակ՝ պետական փողային նվագախմբի կատարումներն ունկնդրելով, փախլավա հյուրասիրվելով։ Նրանց այստեղ դիմավորեց նաև դհոլահարների համույթը։ Բուժաշխատողներն ամեն քայլափոխի ականատես էին լինում մի նոր մշակութային կամ էլ սպորտային միջոցառման։
Կարդացեք նաև
Տոնը կրում է «Շնորհակալություն, բժիշկ» խորագիրը։
Քիչ անց տեղի կունենա գլխավոր միջոցառումը՝ մրցանակաբաշխությունը՝ Գյումրու Պետական նվագախմբի ուղեկցությամբ։
Իսկ երեկոյան Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված բեմահարթակին համերգով հանդես կգա «Ռեինկարնացիա» խումբը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պարզաբանմամբ այս տոնը ևս մեկ առիթ է բուժաշխատողին կարևորելու, այն այս տարի նշեցին Գյումրիում, հաջորդ տարիներին կնշեն այլ քաղաքներում։
«Օրվա խորհուրդը՝ շնորհակալությունն է բժիշկներին եւ բուժաշխատողներին, մենք ամեն օր առնչվում ենք կյանքի եւ մահու կռվի հետ, եւ բժիշկները, բուժաշխատողներն այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքի որակով, իրենց նվիրումով ամեն օր պացիենտների կողքին են, դժվար, ծանր պատասխանատու, անքուն գիշերների աշխատանք է բժիշկների։
Եվ մեր նպատակն է մեկ օր պարգեւել բժիշկներին, որ տարբեր մարզերից գան Գյումրի, ծանոթանան մշակութային արտակարգ կյանքին, իրար հետ շփվեն, խոսեն, կարծում եմ, որ ավանդույթ է ձեւավորվում եւ վստահաբար ամեն տարի մի մարզում նման միջոցառում կկազմակերպվեն», -ասաց նախարարը։
Գյումրին այսօր իրոք մարդաշատ էր․ քաղաքի պատմական կենտրոնով քայլող հյուրերի մեծ թիվը տեսնելով՝ շատերը հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում, շատերն էլ ուղղակի մոտենում էին բուժաշխատողներին ու սրտանց շնորհավորում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ