Լրահոս
Օրվա լրահոսը

Գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով․ Արփինե Սարգսյան

Հունիս 21,2025 19:02

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։

Ներկա էին ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։

Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության համար, դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։

Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։

Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։

Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։
Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով։

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30