Հունիսի 20-ին, ժամը՝ 17։00-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է մայիսի 8-ից հունիսի 5-ը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայաստանցիների 53․3 տոկոսն օգտվում է Facebook-ից, 35․6 տոկոսը՝ Youtube-ից, 21․9 տոկոսը՝ Instagram-ից, 14․9 տոկոսը՝ Tik-Tok-ից, 8․5 տոկոսը՝ Telegram-ից, 0.3 տոկոսը՝ Twitter-ից, իսկ 14․2 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։ Facebook-ից և Instagram-ից ավելի շատ օգտվում են կանայք, Tik-Tok-ից և Telegram-ից ավելի շատ օգտվում են տղամարդիկ, իսկ Youtube-ից հավասարապես օգտվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Facebook-ից ամենաշատն օգտվում են միջին տարիքի անձինք՝ 63․7 տոկոս։ 55 և ավելի տարեկան անձանց 48․8 տոկոսն է օգտվում Facebook-ից, իսկ 18-34 տարեկանների 46․6 տոկոսը։
Instagram-ից ամենաշատն օգտվում են 18-34 տարեկանները՝ 47․5 տոկոս, 35-54 տարեկանների 14․8 տոկոսը, իսկ 55 և ավելի տարեկանների 7․2 տոկոսը։ Youtube-ի դեպքում պատկերն այլ է․ այս սոցցանցից ամենաշատն օգտվում են 55 և ավել տարիքի անձինք՝ 45․6 տոկոս, 35-54 տարեկանների 34․7 տոկոսը, իսկ 18-34 տարեկանների 24․8 տոկոսը։
Կարդացեք նաև
Ինչպես Instagram-ի դեպքում, Tik-Tok-ից և Telegram-ից ամենաշատ օգտվողները 18-34 տարիքային խմբի ներկայացուցիչներն են։ Tik-Tok-ից օգտվում են 18-34 տարեկանների 19․6 տոկոսը, 35-54 տարեկանների 16․4 տոկոսը, իսկ 55 և ավել տարեկանների 9․5 տոկոսը։ Telegram-ից օգտվում են 18-34 տարեկանների 16․8 տոկոսը, 35-54 տարեկանների 7 տոկոսը, իսկ 55 և ավել տարեկանների 2․9 տոկոսը։
Հետազոտության հարցերից մի քանիսը վերաբերել են ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությանը։
«Հարցվողների մոտ 59 տոկոսը համարում է, որ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, 31.5 տոկոսը համարում է, որ վարվող քաղաքականությունը ճիշտ է։ Հարցվողների 9.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին», – ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։
Հարցվածների 67․8 տոկոսը համարում է, որ ՀՀ իշխանությունները ներքին սխալ քաղաքականություն են վարում, ընդամենը 25․4 տոկոսն է համարում, որ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում։ 6.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Ըստ հետազոտության արդյունքների` ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը սխալ է համարում 18-34 տարեկանների 64․9 տոկոսը, 35-54 տարեկանների 58.6 տոկոսը, իսկ 55 և ավել տարեկանների 54.1 տոկոսը։ Արմեն Խաչիկյանի խոսքով՝ երևանցիներն են շատ ավելի հակաիշխանական վերաբերմունք ցուցաբերում․ շուրջ 63 տոկոսը նշել է, որ արտաքին քաղաքականությունը սխալ է վարվում։
Հարցումները ներառել են նաև հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հարցեր։
«Հարցվողների 30 տոկոսը նշել է, որ վերջին տարիներին իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվել է։ Շուրջ 40 տոկոսը նշել է, որ վիճակը նույնն է մնացել, շուրջ 27 տոկոսը նշել է, որ վատացել է իրենց սոցիալական վիճակը»,– ասաց Արմեն Խաչիկյանը՝ շեշտելով, որ ըստ էության, վերջին 5 տարում հասարակության շուրջ 42 տոկոսի մոտ սոցիալ-տնտեսական վիճակն անփոփոխ է մնացել։
Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր կառույցների աշխատանքին, ապա ամենամեծ վստահությունը վայելում են ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին, համապատասխանաբար 61․7 տոկոս և 59․7 տոկոս։ Ոստիկանության հանդեպ վստահությունը 49 տոկոս է, Կառավարության նկատմամբ՝ մոտ 28 տոկոս, իսկ ԱԺ-ի հանդեպ՝ մոտ 19 տոկոս։
Հետազոտությունն ընդգրկել է նաև Հայաստանի ռազմադաշնակցային նախընտրություններին վերաբերող հարցեր։ Հարցվածների 28․4 տոկոսն ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերություններ ձևավորի, 22․2 տոկոսը նախապատվություն է տվել Եվրամիության երկրներին, 21․6 տոկոսը՝ Իրանին, 16 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 5․9 տոկոսը՝ Հնդկաստանին։ 3․7 տոկոսը նշել է, որ որևէ երկրի չի տեսնում ռազմական դաշնակցի դերում, իսկ 2․2 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Արմեն Խաչիկյանը հավելեց, որ այս հետազոտության մեջ ապացուցվում է այն հայտնի դիսկուրսը, որ իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ համարողները առավել շատ հակված են Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերություններ ունենալուն։
Հարցումներում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության ընկալումներին։ Հարցվածների շուրջ 31 տոկոսը համակարծիք է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով հնարավոր է երկարատև խաղաղության հասնել, իսկ 68․5 տոկոսը համարում է, որ հնարավոր չէ։ Հարցվածների 62․8 տոկոսը կարծում է, որ առանց Արցախի հարցի կարգավորման չի կարելի խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ 33․5 տոկոսի կարծիքով կարելի է։
Արցախի ապագայի հարցերից խոսելիս Արմեն Խաչիկյանը նշեց, որ հարցվածների 87․5 տոկոսի կարծիքով Արցախի կորուստը ժամանակավոր է։
«Երբ Արցախը վերջնականապես կորսվեց 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում, և հետո մենք դեկտեմբերին սկսեցինք հետազոտությունները, այս թիվը 77 տոկոս էր։ Ես ենթադրություն ունեի, որ այն գնալով իջնելու է։ Ի ուրախություն բոլորիս, այս թիվը ավելի բարձրանում է և մարդիկ հավատում են, որ օրերից մի օր մենք պետք է հզորացնենք մեր բանակը և հետ բերենք կորցրածը», – ասաց Արմեն Խաչիկյանը։
Ադրբեջանի կազմում Արցախի հնարավոր ինքնավարությանը դրական է արձագանքել հարցվածների 23,7 տոկոսը, բացասական՝ 74 տոկոսը։
Հարց է հնչել նաև արցախցիների վերադարձի մասին։ Հարցվածների մեծամասնությունը՝ 67․4 տոկոսն ասել է, որ արցախցիների վերադարձն Արցախ հնարավոր է Հայաստանի հզորանալու և այն նորից ազատագրելու դեպքում, 11․2 տոկոսի կարծիքով՝ միջազգային անվտանգային երաշխիքներով Ադրբեջանի կազմում ապրելու դեպքում, 8․3 տոկոսի կարծիքով՝ ռուս խաղաղապահների վերադարձի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի երկարացման դեպքում։ Հարցվողների 8 տոկոսը պատասխանել է, որ արցախցիների վերադարձը հնարավոր է միայն շատ հեռու ապագայում Ադրբեջանի բարեփոխվելու դեպքում, իսկ 2․9 տոկոսի կարծիքով՝ որևէ դեպքում հնարավոր չէ։
Հետազոտության ավարտական մասը վերաբերել է իդեալական ընտանիքի պատկերացումներին։ Հարց է հնչել, թե քանի երեխա պետք է լինի իդեալական ընտանիքում։ Հարցվածների մոտ 60 տոկոսը պատասխանել է, որ 3 երեխա է պատկերացնում իդեալական ընտանիքում, 40 տոկոսը՝ 4 և ավելի։ Ինչ վերաբերում է տարիքային բաշխվածությանը, ապա 55 և ավել տարեկանների կարծիքով իդեալական ընտանիքում երեխաների ցանկալի թիվը 4 և ավելի է։ 18-34 տարեկանների 72․4 տոկոսը պատասխանել է, որ մինչև 3 կամ 3 երեխա պետք է լինի իդեալական ընտանիքում։ Նույն պատասխանն է տվել 35-54 տարեկանների 60․2 տոկոսը։
Ամփոփելով հանդիպումը՝ մասնակիցները փոխանակվեցին մտքերով, ինչպես նաև մի շարք առաջարկներ ներկայացրին հետագա հետազոտությունների համար։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ