Այս ժողովուրդը, մեր ուխտավորները եկել են առանց պարտադրանքի, եկել են իրենց ուխտը նորոգելու եւ մասնակցելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին մասնակցելու համար սուրբ Էջմիածին եկած բազմահազար մարդկանց:
Հիշեցնենք, որ այսօր Մայր տաճարում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ոչ միայն տոնին մասնակցելու, այլեւ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Մեծ թվով քաղաքացիներ էլ Զվարթնոց տաճարի մոտից են երթով Սուրբ էջմիածին տաճար գնում:
Կարդացեք նաև
Լրագրողները Տեր Եսայուն խնդրեցին մեկնաբանել, թե ինչու են իշխանությունները թիրախավորել հատկապես Արշակ սրբազանին ու Վեհափառ հայրապետին, նրանցի՞ց են վախենում: Ի պատասխան ասաց. «Չեմ կարող այստեղ տրամաբանել, որեւէ հերյուրանքի մեջ տրամաբանություն չի կարող լինել: Բոլոր ժամանակների մեջ էլ տեսել ենք այսպիսի մեծ կամ փոքր հարձակումներ, կարծում եմ՝ սա էլ կանցնի»:
Հաջորդ հարցին՝ վախեր չունե՞ն, որովհետեւ սկսված արշավն անձամբ Փաշինյանն է վարում, ի պատասխան տեր Եսային ասաց. «Մեր առաքելությունն ենք իրականացնում եւ դա անում ենք առանց վախի ու առանց ընկրկելու»:
Մյուս հարցին, թե կուսակրոնության ուխտի խախտման հարցն առաջ քաշելով՝ արդյո՞ք Փաշինյանը չի փորձում ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում, տեր Եսային այսպես արձագանքեց. «Միանգամից ասեմ՝ դա չի հաջողվելու, որովհետեւ թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ հոգեւորականները համախմբված են ու միաբան ու էդ էժանագին մանիպուլյացիաները չեն աշխատելու երբեւէ: Նման հույս չպետք է ունենալ»:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Ի դեպ, Զվարթնոց տաճարից դեպի սուրբ Էջմիածին են երթով գնում ՀՀԿ ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Նրանք վանկարկում են ՝ «չարիքը պետք է հեռացվի օր առաջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ